Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը
Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և հարկադիր միջոց է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության միջուկային թարմացված դոկտրինում։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում» վերնագրով փաստաթուղթը 26 կետ է պարունակում։
Ոչ ոք երաշխիք չի տալիս, որ միջուկային զենք չի կիրառվի. Պուտին
Թարմացված դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել, եթե զանգվածային ոչնչացման զենք կիրառվի իր կամ իր դաշնակիցների դեմ, ինչպես նաև ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ծայրահեղ սպառնալիք ներկայացնող սովորական զենքի օգտագործմամբ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ ագրեսիա իրականացնելու դեպքում։
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ–ի և նրա դաշնակիցների դեմ ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության աջակցությամբ իրականացվող ագրեսիան կդիտարկվի որպես համատեղ հարձակում։
«ՌԴ–ի և (կամ) նրա դաշնակիցների նկատմամբ իրականացվող ագրեսիայից պոտենցիալ թշնամու երաշխավորված զսպումը պետական բարձրագույն առաջնահերթություններից է։ Ագրեսիայի զսպումն ապահովվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ողջ հզորությամբ, այդ թվում` միջուկային զենքով», – ասվում է փաստաթղթում։
Միջուկային զենք կարող է կիրառվել, եթե Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ բալիստիկ հրթիռներ են օգտագործվել, հակառակորդը կիրառել է զանգվածային ոչնչացման զենք, ՌԴ–ի կարևորագույն պետական կամ ռազմական օբյեկտների վրա իրականացվել է հարձակում հակառակորդի կողմից, հավաստի տեղեկություններ են ստացվել օդատիեզերական զանգվածային հարձակման և սահմանը հատելու վերաբերյալ։
Դոկտրինում նշվում է, որ միջուկային զենք կիրառելու մասին որոշումը կայացնում է Ռուսաստանի նախագահը։
Հիմնական ռազմական վտանգների թվում նշվում է նաև պոտենցիալ հակառակորդի կողմից հակահրթիռային պաշտպանության և հակաարբանյակային համակարգերի, ինչպես նաև հարվածային համակարգերի ստեղծումն ու տեղակայումը։ Ռուսաստանը ռազմական վտանգ է համարում նաև իր դեմ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը, որոնց չեզոքացումը կարող է միջուկային զսպում պահանջել։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում, եթե հակառակորդը, սովորական զենք օգտագործելով, ծայրահեղ վտանգ է ներկայացնում ինքնիշխանության համար: Կրեմլն ավելի վաղ պարզաբանել էր, որ ռուսական «միջուկային դոկտրինում» փոփոխությունները ազդանշան են արևմտյան երկրներին ու նախազգուշացնում են Ռուսաստանի վրա հարձակման հետևանքների մասին։