«Էրեբունի» թանգարանում ֆոնդապահին գլխապատառ տնօրենի ժ.պ. են նշանակել Yerkir.am-ի ահազանգից հետո
Yerkir.am-ը հոդված էր հրապարակել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ստեղծված և նախադեպը չունեցող իրավիճակի մասին: Հայտնել էինք, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն և միջազգային լայն ճանաչում ունեցող այս հաստատությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից մեկն է, արդեն մեկուկես ամիս է, ինչ չուներ ո՛չ տնօրեն, ո՛չ փոխտնօրեն, ո՛չ էլ անգամ տնօրենի կամ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Կարճ ասած՝ արգելոց-թանգարանում տոտալ անտերություն էր տիրում:
Կայքի՝ քաղաքապետարանի աղբյուրներն ասացին, որ հրապարակումը լուրջ իրարանցում է առաջացրել քաղաքապետարանում, ուստի որոշել են շուտափույթ կերպով նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի արտաքին շղարշ ստեղծեն, թե նշված հիմնարկում «արշալույսները խաղաղ են», և ամեն ինչ, իբր, բնականոն հունով է ընթանում:
Նոյեմբերի 14-ին Yerkir.am-ի հետ կապ է նաև հաստատել արգելոց – թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Ծովինար Խաչատրյանը և հայտնել, որ արգելոց-թանգարանն արդեն նոր ղեկավար ունի, իսկ մասնաճյուղերը բնականոն աշխատում են:
Yerkir.am-ը կարճ զրույց ունեցավ նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նորանշանակ ժ.պ. Անահիտ Թելունցի հետ:
– Տիկի՛ն Թելունց, շնորհավորում ենք Ձեզ ժ.պ. նշանակվելու առիթով:
– Շնորհակալ եմ:
– Դուք ո՞ր օրն եք նշանակվել տնորենի ժ.պ.:
– Նոյեմբերի 14-ին:
– Հրապարակում եղավ, որ հիմնարկում աշխատավաձերը չեն ստացել:
– Արդեն ստացել ենք, հենց նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, թանգարանի կումունալները ևս վճարել ենք, այսինքն, այդ բոլոր հարցերը կարգավորվել են:
– Տիկին Թելունց, պատրաստվո՞ւմ եք դիմել և մասնակցել մրցույթի:
– Ոչ, ոչ:
– Դուք հայտնի, վաստակաշատ ֆոնդապահ եք, իսկ տնօրենի պաշտոնը ենթադրում է ծանր վարչական աշխատանք:
– Շատ ծանր է, ես գիտեմ:
– Այդ դեպքում ինչու՞ որոշեցիք դառնալ ժ.պ.:
– Ըստ կարգի էդպես է, եթե տնօրեն-փոխտնօրեն չունենք, օրինակ, եղել է, որ տնօրեն-փոխտնօրենը երկրից բացակայել են, պարտականությունները դրվում է գլխավոր ֆոնդապահի վրա: Օրինաչափությունն էդպես է, ուզելու խնդիր չէ, կարգն է այդպես, մինչև մրցույթ լինի, և քաղաքապետարանը, որպես վերադաս, նշանակի իր կողմից ժամանակավոր կամ մրցույթ հայտարարի:
– Ես ոչ մի ծրագիր դեռ չունեմ, որովհետև խնդիրը մեր ցուցադրությունն է, որ հավաքված է, վերանորոգման առաջ ենք կանգնած, և դա քաղաքապետարանն էլ գիտի՝ պիտի լինի վերանորոգում, որ նոր ցուցադրություն լինի, թե չէ՝ էսպես թանգարանը կիսացուցադրությունով մի փոքր ժամանակավոր ունենք, և այդքանն է աշխատում: Ծրագիր չունենք, ծրագիրը միայն մրցույթով ցուցադրությունը վերականգնելը, վերանորոգելն է և աշխատելը:
– Տիկին Թելունց, իսկ դուք Ուրարտուն ընդունու՞մ եք իբրև հայկական ժառանգություն:
– Այո, միանգամայն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։