Մենք ինքներս դժգոհ էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. Զախարովան համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Ալիևի կարծիքին
«Մենք ինքներս էլ էինք արդեն դժգոհ այդ կառույցի աշխատանքից», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը «պատմության մաս է դարձել»:
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան էլ էր քննադատում, հատկապես երբ արևմտամետները սկսեցին արգելափակել Մինսկի խմբի աշխատանքը.
«Մենք ևս շատ էինք քննադատում այն, հատկապես այն բանից հետո, երբ արևմտամետները սկսեցին բացահայտ արգելափակել խմբի աշխատանքը»:
Նրա խոսքով` այն ամենը, ինչ դրական էր ԵԱՀԿ ՄԽ-ում, հիմնականում հիմնված էր ռուսական մշակումների վրա, որոնք արտացոլվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածություններում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ նրանք տրամադրված են պաշտպանելու սեփական շահերը, քաղաքականացնելու խնդիրը, այլ ոչ թե կարգավորելու այն։
«Մինսկի խումբը մենք քննադատում էինք տեղին և կոշտ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման նպատակով մենք խմբի գործունեության մեջ ունենք ավանդ, որը բարձր մակարդակով բազմիցս գնահատվել է երկու երկրներում (Հայաստանում և Ադրբեջանում, – խմբ.)», – ասաց Զախարովան։
Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մաս է դարձել: Բաքուն Երևանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։
Նշենք, որ Մինսկի խմբում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Շվեդիան, Չեխոսլովակիան (այնուհետև` Ֆինլանդիան): Ռոտացիոն սկզբունքով մշտական անդամ է նաև ԵԱՀԿ Եռյակը, որը կազմված է ԵԱՀԿ նախկին, ներկա և հաջորդ գործող նախագահներից:
1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Եռանախագահություն ինստիտուտը` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի, սկսեց գործել 1997թ. փետրվարի 14-ից: