Վրաստանի նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին
Վրաստանի նոր նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թ. սկզբին։
Այդ մասին հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտնել է Բաքվում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։
«Ամեն ինչ խաղաղ է և հանգիստ: Կամփոփվեն (խորհրդարանական) ընտրությունների արդյունքները, դրանից հետո տասներորդ օրը կկայանա խորհրդարանի նիստը։ Այնուհետև կսկսվի խորհրդարանական կյանքը և շուտով, ենթադրաբար, հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ: Դրանից հետո տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը: Երկիրը սովորական ռեժիմով շարունակում է կյանքը», – Կոբախիձեի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես չի ճանաչում ընտրությունների արդյունքները։