Մոլդովայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ տեղի նախագահական ընտրությունները հետաքննելու՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կոչերի պատճառով։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մոլդովայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Մոլդովայի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիվանագետին հայտնել են մոլդովական կողմի խորը դժգոհության մասին՝ շեշտելով խեղաթյուրված և անհետևողական ձևը, որով վրացի քաղաքական գործիչը հրապարակայնորեն մեկնաբանում է Մոլդովայում ընտրական գործընթացները և եվրաինտեգրման ճանապարհը։ ԱԳՆ-ն նշել է, որ երկու երկրների հարաբերություններում պետք է գերակայի համագործակցությունն ու բարեկամությունը։

Քիշնևն այսպես արձագանքեց Կոբախիձեի այն խոսքերին, որ եթե անհրաժեշտ է հետաքննել ընտրությունների անցկացումը, ապա պետք է սկսել Մոլդովայից, ոչ թե Վրաստանից։ Այդ մասին նա հայտարարել է ի պատասխան ընդդիմության պահանջին՝ միջազգային հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս