Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) համանախագահ Թունջեր Բաքըրհանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցցանցում կատարած գրառման մեջ ասվել է, որ նրա նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել Մարդինի, Բաթամանի և Հալֆեթի քաղաքապետերի պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարների նշանակվելու վերաբերյալ նոյեմբերի 4-ին ունեցած ելույթի համար։
Նոյեմբերի 4-ին Բաքըրհանն ասել էր․ «Թող լավ իմանան, որ քուրդ ժողովուրդն անելու է այն, ինչ անեն Սեյիթ Ռըզան, Շեյխ Սաիդը։
Մենք բռնեցիք հարգարժան պարոն Բահչելիի մեզ ուղղված ձեռքը, բայց քո մյուս ձեռքը քո գործընկերը խաթարեց։ Մեզ ուղղված ձեռքի հարցում խնդիր չկա։ Մյուս ձեռքը խաթարած գործկերոջ հարցում խնդիր կա։
Եթե լուծում ես ուզում, նախ և առաջ խոսի՛ր հոգաբարձու (Դրածո-խմբ․) հասկացողությունից, Եթե լուծում ես ուզում դադարեցրու՛ մեկուսացումը, Եթե լուծում ես ուզում, օրենքը կարգավորի՛ր, Եթե լուծում ես ուզում, ապա հանի՛ր Մարդինի հոգաբարձուին»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էսենյուրթի քաղաքապետ Ահմեդ Օզերը ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու մեջ։ Նրա փոխարեն երկրի ՆԳՆ նշանակել է հոգաբարձու։
Ընդդիմադիր քաղաքական գործիչին ձերբակալելուց հետո Թուրքիայում մի շարք ընդդիմադիր քաղաքապետեր ևս ձերբակալվեցին։ Այս ամենը ընդդիմության կողմից անընդունելի և ապօրինի որակվեց ու գործողությունները համարվեցին ուղղորդված իշխանությունների կողմից։
Նրանց փոխարեն ևս Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից նշանակվեցին հոգաբարձուներ, ինչն էլ արևելյան հատվածներում բողոքի և ցույցերի առիթ դարձավ։