«Պուտինը մարդկանց չի ուտում»․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի այն արտահայտությանը, որ Վլադիմիր Պուտինը «ճաշի ժամանակ կուտի Դոնալդ Թրամփին»։
«Վլադիմիր Պուտինը լանչի ժամանակ չի ուտի Դոնալդ Թրամփին։ Նա մարդկանց չի ուտում»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից հետո Վլադիմիր Պուտինի և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի միջև շփումներ չեն եղել, ինչպես նաև այս պահին տեղյակ չէ Պուտինի և Թրամփի հնարավոր շփումների մասին։
«Ոչ, դա ճիշտ չէ»,- պատասխանել է Պեսկովը լրագրողի այն հարցին, թե արդյոք Պուտինը շնորհավորե՞լ է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հաստատելով, որ Թրամփի ընտրվելուց հետո նրանց միջև շփումներ չեն եղել։
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինը պատրաստ է շարունակել և ընդլայնել շփումները բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել հավասարության, միմյանց նկատմամբ հարգանքի և միմյանց շահերն ու մտահոգությունները հաշվի առնելով։
«Նախագահ Պուտինը բաց է եղել և մնում նման շփումների համար»,- հավելել է Պեսկովը։
Պեսկովը չափազանցություն է անվանել Թրամփի հայտարարությունները, թե ինքը կարող է մեկ գիշերվա ընթացքում ավարտել ռուս-ուկրաինական հակամարտությունը։
«Իհարկե, չափազանցություն էր, երբ նա ասաց, որ դա կանի մեկ գիշերում»,- ասել է Պեսկովը: