Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները Թեհրանի վրա չեն ազդում
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը ոչ մի կերպ չի փոխի իրավիճակն Իրանի ներսում, մարդկանց կյանքում փոփոխություններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«ԱՄՆ նախագահական ընտրությունները մեզ հետ անմիջական կապ չունեն։ ԱՄՆ-Իրան քաղաքականության ընդհանուր վեկտորը կմնա անփոփոխ»,- Մոհաջերանիի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Իրանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնի հետագա արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ կանխատեսումներն արդեն արվել են, իսկ սովորական իրանցիների կյանքում ոչինչ չի փոխվի՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում։
Թեհրանում, ըստ Իրանի նախարարների կաբինետի խոսնակի, որևէ անհանգստություն չկա ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին տեղեկությունների ֆոնին։
«Ամեն դեպքում մեզ համար այս երկու թեկնածուների միջև տարբերություն չկա», – հավելել է Մոհաջերանին։
Նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկին հետևող ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները նույնպես նրան հաղթող են հայտարարել։
Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
Նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփը շնորհավորանքներ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերից, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիից, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենից, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեից և բազմաթիվ այլ երկրների ու կառույցների ղեկավարներից։