Իրանի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի գործերի հավատարմատարին իրանական հյուպատոսությունների փակման պատճառով

Թեհրանում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ կապված Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունները փակելու՝ Գերմանիայի իշխանությունների որոշման հետ։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Բեռլինի «չարդարացված որոշման» դեմ, որի պատճառով իրանցիները զրկվել են հյուպատոսական ծառայություններ ստանալու հնարավորությունից։

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի վարչության առաջին գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում Իրանի հյուպատոսությունները փակելու որոշումը «անհարկի անախորժություններ է ստեղծում» իրանցիների համար և ոտնահարում նրանց իրավունքները։

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել երկրում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները։ Բեռլինում Իրանի դեսպանությունը կշարունակի աշխատանքը։

Գերմանիայի իշխանությունների այս քայլը, ըստ DPA գործակալության, արձագանք է Իրանում Ջամշիդ Շարմահդի մահապատժին, որն Իրանի և Գերմանիայի քաղաքացիություն ուներ։Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ինչպես նաև Թեհրանում Գերմանիայի դեսպանին հետ կանչել խորհրդակցությունների համար։ Հոկտեմբերի 30-ին գերմանացի դիվանագետը հեռացել է Թեհրանից։ Նման միջոցները, Բեռլինի պնդմամբ, ձեռնարկվել են՝ որպես բողոք Շարմահդի մահապատժի դեմ։2023 թվականին Իրանի Գերագույն դատարանը Շարմահդին մահապատժի էր դատապարտել ահաբեկչության մեղադրանքով։ Դատավճիռը դատապարտել են Գերմանիայի իշխանությունները և ԵՄ ներկայացուցիչները։

Տեսանյութեր

Լրահոս