Լարիսա Ալավերդյան. Տարոն Մարգարյանի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունեմ
«Տարոն Մարգարյանի մեջ կա մի գիծ, որը ես քննադատում եմ: Իր գործելակերպից և խոսքերից ինչքան հասկանում՝ ինքը տրամադրված չէ կտրուկ փոփոխություններ մտցնել այն գործողությունների և որոշումների մեջ, որոնք ընդունվել են մինչև իր պաշտոնավարումը, ես դրան դեմ եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ավելի վճռական էր իր գործողություններում, ինչպես նաև Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման հարցում, ինչը չի կարելի ասել ներկայիս քաղաքապետ, մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի մասին:
Լ. Ալավերդյանը նաև նշեց, որ այն, ինչ Տարոն Մարգարյանը՝ իբրև թաղապետ Ավանում կարողացել է անել, որոշ չափով մայրաքաղաքում շարունակելիությունն ապահովվել է, սակայն խնդիրն այն է, որ պետք է խոսվի չարածի մասին, ոչ թե՝ կատարված աշխատանքի: «Այդ ցանկությունը՝ հաշվետու լինել միայն արված գործերով, ես չեմ ընդունում: Ընդհանրապես հաշվետվությունը չարված գործերի մասին պետք է լինի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ արված աշխատանքն արդեն քաղաքացին պետք է գնահատի:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունի նաև այն պատճառով, որ ինչպես նա, ինչպես իր հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, չի գնում կոնֆրոնտացիայի: