Արցախը Եվրոպայի ճանապարհին «ընկած քար» էր, որը ճանապարհից դուրս է բերվել պատերազմով ու հայաթափումով. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Սա իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր: Տրամպը մեղադրում է Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ հայաթափվեց Արցախը:

Տրամպը, որը ըստ էության ոչինչ չարեց, բացի Կոսովոյի մասին մի՝ փաստորեն դատարկ արտահայտությունից, երբ Ադրբեջանը արդեն օկուպացրել էր Արցախի կեսը:

Իհարկե, Տրամպի մեղադրանքն իրավացի է: Հարիսը ոչ միայն չարեց ոչինչ, այլ Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան դիվանագետներ նույնիսկ Արցախի հայաթափումից առաջ հայտարարում էին, թե էթնիկ զտումը իրենց համար «կարմիր գիծ» է:

Բայց, այստեղ մեղավոր չէ ոչ ոք՝ թե Հարիսը, թե Տրամպը, թե այդ դիվանագետը: Մեղավոր ենք մենք, որ աշխարհաքաղաքականությունը չափել ենք «ականջներով»: Եվ կրկնակի մեղավոր, երբ դա անում ենք՝ ունենալով անգամ 44-օրյա պատերազմի ծանր դասը:

ԱՄՆ կառուցում է Միջին միջանցք՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Միջերկրծովյան ռեգիոն ու Եվրոպա: Արցախն այդ ճանապարհին «ընկած քար» էր, որը ճանապարհից դուրս է բերվել պատերազմով ու հայաթափումով, որովհետեւ դա դիտվել է նաեւ այդ ճանապարհից ռուսներին հեռացնելու միջոց:

Ի դեպ, հիշեցնեմ նաեւ, որ Կոսովոյի վերաբերյալ նրա հայտնի հայտարարությունը 2020-ին, որ անձամբ ինձ մոտ էլ առաջացրել էր որոշակի միամիտ հույս, որ նախընտրական լինելուց բացի կարող էր լինել նաեւ գործնական, հնչեց հենց այս շրջանում՝ երբ ընտրարշավը հասավ առավել հայաբնակ Կալիֆորնիային»:

Տեսանյութեր

Լրահոս