Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, իր մոտ էր հրավիրել մի շարք իշխանական քարոզիչների: Բացատրել էր այսպես. «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»:

Հանդիպման մասնակիցների կազմը երեկվանից բուռն քննարկվում է համացանցում, որովհետեւ ներկաները հաստատ այն մարդիկ չեն, որոնք կարծիք են ձեւավորում եւ կարող են ինչ-որ մարդկանց կրթել: Օրինակ, արցախցիների դեմ օրնիբուն ատելություն տարածող բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որի պատճառով զոհվածի հորը` Գարիկ Գալեյանին դատում են, ոմն քաղաքագետ Հարություն Մկրտչյան, Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, տիկտոկեր Մանվել Սարհատյանը եւ ոմն Դիանա Մարտիրոսյան, որի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելուց հետո առանց տարակուսելու կարող ենք ասել, որ նա կա՛մ դպրոց չի գնացել, կա՛մ էլ գնացել է, բայց տառաճանաչության խնդիրներ ունի, դժվար թե այս դերին հարմար լինեն: Օրինակ` եթե մարդը չգիտի ինչպես ճիշտ գրել «նախկին» բառը, գրում է՝ «նախքին իշխանություններ», է-ե-ի, «ընդդիմադիր» բառի ուղղագրությունը չգիտի, բայց, պարզվում է, «կարծիք ձեւավորող» է եւ կարող է մարդ կրթել, կրթությունը դարձնել «թիվ 1 տրենդ», եւ Աննա Հակոբյանն էլ ուրիշ մարդ չի գտել հրավիրելու, ուրեմն մենք հասել ենք սահմանագծին:

Գուցե վաղն էլ ախուրյանցի Անոն սկսի կրթական հարցեր քննարկել տիկնոջ հետ: Զարմանալի էր այդ սեղանի շուրջ տեսնել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, որը, անկախ իր քաղաքական հայացքներից, կայացած փաստաբան է եւ հիմա էլ հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին: Սիրունյանին մի քանի հարց ուղղեցինք:

– Ինչպե՞ս անցավ ձեր ու Աննա Հակոբյանի հանդիպումը, տպավորվա՞ծ եք:

– Հա, նորմալ հանդիպում էր:

– Դուք` «կարծիք ձեւավորողներդ», կրթական հարցեր եք քննարկել: Այնքան տարօրինակ էր կրթական հարցերի քննարկմանը տեսնել մարդկանց, որոնք տարրական ուղղագրություն չգիտեն:

– Ի՞նչ ասեմ, հո ե՞ս չեմ «սաստավը» որոշել: Ես կապ չունեմ հավաքվածների հետ, բայց ասեմ, որ լիքը խելոք, լավ մարդիկ էլ կային:

– Ներկաներից ովքե՞ր են խելոքի տպավորություն թողել:

– Դե, անուններ չեմ տա, լիքը նորմալ մարդիկ էլ կան:

– Այնքան դժվար է Ռոման Բաղդասարյանի, ոմն Մանվելի, ոմն Դիանայի հետ կրթության մասին քննարկում պատկերացնելը:

– Կանանց զգալի մասին չէի էլ ճանաչում` Ալինայից բացի:

– Իսկ Դուք Ձեզ հանրային կարծիք ձեւավորող համարո՞ւմ եք:

– Չգիտեմ, Դուք պիտի ասեք: Անկեղծ՝ չգիտեմ ու նման ամբիցիաներ չունեմ:

– Ի վերջո, կրթության մասին էր խոսքը, ի՞նչ առաջարկներով հանդես եկաք:

– Առաջարկություն արեցի, ասացի, որ մեր կրթական համակարգին հեղափոխական փոփոխություններ են հարկավոր: Եթե դրա հավեսն ունեք, զրուցենք:

– Ի՞նչ փոփոխություններ:

– Ասեմ Ձեզ. այսօրվա դպրոցներն ու բուհերը մեր այսօրվա իրողությանը չեն համապատասխանում, չեն համապատասխանում ոչ մի իմաստով: Ես նախկին գիտնական եմ, դասախոս ու անգիր գիտեմ ներսից: Մենք ունենք, օրինակ, Ագրարային համալսարան, որն ինչ ասես արտադրում է ամեն տարի` քննություններ, պետպատվերներ, լսարաններ, յեքա շենք` քաղաքի կենտրոնում, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ անկախության վերջին 35 տարիների ընթացքում Ագրարային համալսարանն արտադրել է չորս-հինգ որակյալ անասնաբույժ:

Ես շների շատ եմ սիրում, երկու շուն ունեմ, 35 տարվա արդյունքն այն է, որ Երեւանում այսօր կա երկու նորմալ շան բժիշկ, բայց ամեն տարի 20-30 անասնաբույժ են արտադրում:

Մենք նաեւ նույն պատկերն ունենք գյուղատնտեսության մեջ: ԽՍՀՄ-ի ժամանակ պետք էին մեզ անասնաբույժներ, որովհետեւ կոլխոզներ կային, հիմա դրա կարիքը չկա: Տարեկան առավելագույնը 5 անասնաբույժ է պետք: Արջուտ գյուղում բոլորս գիտենք, որ կա անասնաբույժ Վահագ, զանգում ենք, գալիս է Երեւան, բայց Երեւանում պաչկեքով անասնաբույժ են արտադրում, թե դրանք ինչով են զբաղված, չգիտենք:

– Իսկ ներկաները կամ Աննա Հակոբյանն ի՞նչ կապ ունեն այդ հարցերի հետ: Աննա Հակոբյանը կրթության նախարար չէ, որքան գիտեմ, ներկաներից ոչ ոք կրթության փորձագետ չէ, սիրողական մակարդակի այդ քննարկումներն ո՞ւմ են պետք:

– Չէ, դե հենց դա է, որ Աննա Հակոբյանն ուզում է, որ մարդկանց մոտ այս ցանկությունն արթնանա, դրա համար էր ֆորմատը հասարակական: Ասածի գաղափարն այն էր, թե ինչպես անել, որ մարդիկ ցանկանան այդպես:

– Երեւի Պերֆեքթ թիվիներով կզարգանան… դրա հետ առնչություն ունեցող անձ էլ կար այդ հանդիպմանը:

– Մարդկանց ապրելակերպը տեսնում ենք, դիպլոմն ինչների՞ն է պետք: Եթե «Յանդեքս» քշելով ամիսը 2 հազար դոլար ես աշխատում, ինչի՞դ է պետք դիպլոմը, բացատրի:

– Ձեր ասածը նման է նրան, որ եթե մարդու գլուխը ցավում է, պետք է բուժելու փոխարեն գլուխը կտրել գցել մի կողմ…. առանց այդ էլ բուհերում ուսանողներ չկան, ի՞նչ եք առաջարկում:

– Չկան, որովհետեւ չկա ստիմուլ: Դիմում է բուհ, որ ի՞նչ անի: Անգամ լավ սովորելով երաշխիք չկա, որ աշխատանք են գտնելու: Երեխեքը չունեն ստիմուլ: Գործ չեն գտնելու, էլի Լֆիկ Սամոյի մոտ մենեջեր պիտի աշխատեն: Քաղաքում Կոնսերվատորիա ունենք, վերջին 30 տարում սարքեցին էդ բուհը ռաբիզ երգիչների արտադրամաս: Դա ուրիշ բանի համար էր: Մենք լավ դիրիժորների կարիք ենք ունենում յոթ տարին մեկ, էդ փողը որ տալիս ենք էդ շենքին, մի 500 դասախոս ենք պահում, մուզիկանտների մեջ էլ կան գիտնականներ, ես չգիտեի: Մեզ պետք է էդ փողի մի չնչին մասը: Միլանի կոնսերվատորիայից կկանչենք մասնագետների, կասենք, որ մի 10 հավակնորդ ունենք, իրենք էլ կտանեն նրանց սովորելու, պետությունն էլ ուսման փողը կտա:

– Այսինքն` մեզ ոչինչ պետք չէ, ո՛չ բուհ, ո՛չ դասախոս, ո՛չ դիրիժոր:

– Մեր իրողությանը չեն համապատասխանում:

– Երեւի այդ բուհերի փոխարեն ճիշտ կլինի հյուրանոցներ սարքեն, չէ՞:

– Ինչ ուզում են, թող սարքեն: Կինոյի ինստիտուտ ունենք, 30 տարվա մեջ «Սուպեր մաման» է մեր հաջողությունը: Պահանջարկ չկա` պետք չի»։

Տեսանյութեր

Լրահոս