Լռե՛ք, Դուք-ով խոսե՛ք. լեզվակռիվ՝ ԱԺ-ում

ԱԺ–ն սկսել է սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթաց այն պայմաններում, երբ Ադրբեջանում համընթաց գործընթաց չկա։ Այդ մասին այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտել է ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։

«Սա նոնսենս է. սինխրոնիզացված գործընթացի մասին եք խոսում, սակայն չեք կարող բացառել, որ մեր վավերացումից հետո Ադրբեջանում կարող է նույնը չլինել, կամ կվավերացնի մեզ համար անընդունելի վերապահումներով։ Այդ առումով մենք ռիսկեր ենք տեսնում»,– ընդգծեց նա։

Ռուստամյանի այս ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։

«Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք, որ ՀՀ-ն սահման, պետականություն չունենա, կախված լինի որևէ բանից, շրջաբերական եք պտտեցնում, որ թույլ չտա, որ ՀՀ-ն սահման ունենա…Դեմագոգիայով զբաղվում եք դո՛ւք…Կարծեմ` հայտարարել էիք, որ քննարկումներին չեք մասնակցելու։ Մի՛ մասնակցեք։ Ընդհանրապես, այստեղ գալիս եք, ի՞նչ եք անում, ոչ մեկը չգիտի»,- դիմելով Ռուստամյանին` հայտարարեց Սիմոնյանը։

Ի պատասխան Ռուստամյանը Սիմոնյանին հիշեցրեց 2009 թվականի հայ–թուրքական արձանագրությունները, որոնք նախաստորագրվեցին, ստորագրվեցին, հետո մտան ԱԺ, սակայն չվավարացվեցին ո՛չ ՀՀ–ում, ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարանում։

«Հիմա այս կանոնակարգը մտցրել եք օրակարգ, պահեք այնքան ժամանակ, մինչև տեսնենք` Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից հետո մտածեք` ինչ անել։ Չի վավերացնի Ադրբեջանը, դո՛ւք էլ մի վավերացրեք։ Ի՞նչ եք այստեղ ճոռոմաբանությամբ ու դեմագոգիայով զբաղվում»,- նշեց Ռուստամյանը։

Տեսանյութեր

Լրահոս