Բաժիններ՝

Մոլդովայում անցկացվել են նախագահական ընտրություններ և հանրաքվե. ԵՄ-ին միանալու հեռանկարն անորոշ է

Մոլդովայում հոկտեմբերի 20-ին անցկացվել են նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու շուրջ հանրաքվե, որոնց նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրի նախագահ Մայա Սանդուն «օտարերկրյա ուժերի հետ աշխատող հանցավոր խմբավորումներին» մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ։ 

POLITICO-ն նշում է, որ ձայների 98,29 %-ի հաշվարկից հետո Մոլդովայի ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ քվեարկողների 50 %-ը դեմ է քվեարկել մինչև 2030 թվականը երկրի միացմանը Եվրամիությանը, իսկ 50 %-ը սատարել է այդ նախաձեռնությունը։

Արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ Մայա Սանդուն հայտարարել է, որ «հանցավոր խմբավորումները, որոնք աշխատում են օտարերկրյա ուժերի հետ», հատկացրել են տասնյակ հազարավոր եվրո, ինչպես նաև ստերի վրա հիմնված քարոզչություն են իրականացրել, որպեսզի Մոլդովան «մնա անորոշության և անկայունության ծուղակում»։

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ ունեն «աննախադեպ մասշտաբների հասնող կեղծիքների վերաբերյալ հստակ փաստեր»։

Իսկ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98,11 %-ի հաշվարկի արդյունքներով Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 41,78 %-ը։ Երկրորդ տեղում ձայների 26,41 %-ով հայտնվել է ռուսամետ Սոցիալիստական կուսակցության քաղաքական գործիչ Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, Սանդուն և Ստոյանոգլուն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում։ Սեպտեմբերին Մոլդովայի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն POLITICO-ին հայտնել էր, որ իր երկիրը ենթարկվում է «աննախադեպ հարձակման»՝ հիբրիդային մարտավարության օգտագործմամբ։ Իսկ երկրի ոստիկանապետն ավելի ուշ պնդել էր, թե ռուսական կողմից ֆինանսավորում է եղել մոտ 15 միլիոն դոլարի չափով. այդ գումարը, ենթադրաբար, նախքան ընտրությունները հայտնվել է ավելի քան 130 000 մոլդովացիների բանկային հաշիվների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս