«Կարտոֆիլը մասամբ չեն հասցրել հավաքել, ցորենի ցանքսը չեն արել». Վարդենիսի գյուղերում կարտոֆիլը մնացել է ձյան տակ

Վարդենիսում առաջին ձյունն է տեղացել, շատ գյուղերում բնակիչները դեռևս չեն հասցրել հավաքել բերքը, մասնավորապես՝ կարտոֆիլը։

Ակունք գյուղում շատերի կարտոֆիլը մնացել է ձյան տակ։

Ակունքի վարչական ղեկավար Նիկոլայ Խաչատրյանի խոսքով՝ բնակիչները գյուղում կարտոֆիլը դեռ չեն հավաքել։

«Հնարավոր է՝ ցուրտը տանի, կարտոֆիլն առհասարակ չկարողանանք հավաքել, հնարավոր է՝ ձյունը հալվի՝ հավաքեն, չեմ կարող ասել, թե ինչպես կլինի, տեսնենք՝ ինչ եղանակ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Ծովակի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը 168.am-ին փոխանցեց, որ  իրենց գյուղում ևս բնակիչները դեռ չեն հասցրել հավաքել կարտոֆիլը։

«Կարտոֆիլը մասամբ չեն հասցրել հավաքել, ցորենի ցանքսը չեն արել։ Այս պահին այդքան ցուրտ չէ, որ կարտոֆիլը ցուրտը տանի, այսօր սպասենք՝ ձյունը հալվի, սկսենք հավաքել։ Մոտ 10 տարի առաջ կրկին նման դեպք էր եղել, մի քանի հեկտար կարտոֆիլ էր մնացել ձյան տակ, բայց հետո հավաքել են։ Հույս ունենք՝ եղանակը կբացվի, մարդիկ բերքը կհավաքեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Ներքին Շորժայում կարտոֆիլը քիչ է եղել, մարդիկ հավաքել են։

«Մեզ մոտ կարտոֆիլն արդեն հավաքել ենք, քիչ էին մշակել մարդիկ»,- 168.amին փոխանցեց Ներքին Շորժայի ղեկավար Արամ Մինասյանը։

Այրքի վարչական ղեկավար Կամո Ղազարյանը նշեց, որ որևէ տվյալ չի կարող փոխանցել, նա մեզ հորդորեց դիմել Վարդենիսի համայնքապետին։

«Ես վարչական ղեկավարն եմ, բայց ձեր որևէ հարցին չեմ կարող պատասխանել, դիմեք Վարդենիսի համայնքապետին»,- նշեց վարչական ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս