ՀՀ նախագահն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնվող քայլերի, Հայաստանի գրանցած վերջին հաջողությունների, առկա մարտահրավերների, ինչպես նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների վերաբերյալ։ 

ՀՀ նախագահը կարևորեց հայ համայնքի հետ հանդիպումը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համայնքում և ընդհանրապես հայկական սփյուռքում առկա խնդիրները հասկանալու տեսանկյունից։ Վահագն Խաչատուրյանը, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկաներին հայտնեց այդ ուղղությամբ իրականացված և տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ 

«Ադրբեջանի հետ մեր պատկերացրած հարաբերությունը մեկն է․ մենք ցանկանում ենք մեր հարևանների հետ ապրել խաղաղ։ Մեր քաղաքականությունն այդ առումով շատ կարճ է և բովանդակալից», – ընդգծեց ՀՀ նախագահը։ 

ՀՀ նախագահն իր խոսքում արձանագրեց, որ Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպում է առաջին անգամ է, ինչի համար շատ ուրախ է և գնահատում է համայնքի ներկայացուցիչների ներկայությունը։«Սա իմ երկրորդ այցելությունն է Ղազախստան․ առաջին անգամ հեռավոր 1979 թվականին եղել եմ Ալմա-Աթայում, երբ նշվում էր Համամիութենական շինջոկատների կազմավորման 20-ամյակը», – իր խոսքում նշեց Վահագն Խաչատուրյանը՝ ներկաներին հիշեցնելով, որ վերջին անգամ ՀՀ նախագահը պաշտոնական այցով Ղազախստանում  եղել էր մոտ 20 տարի առաջ։

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

«Այդ այցի արդյունքների առումով կարող եմ ասել, որ այն հաջողված էր։ Մենք Ղազախստանի հետ շարունակում ենք ունենալ բարիդրացիական և մեզ համար շատ կարևոր հարաբերություններ։ Կարող եմ ասել, որ այն, ինչ ունենք, բավարար չէ, և այդ ուղղությամբ կողմերը շատ անելիք ունեն», – ընդգծեց ՀՀ նախագահը։Նախագահի դիտարկմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում հասկանալու համար, թե ի՞նչ քայլերով կարելի կլինի ավելի ընդլայնել և ամրապնդել հայ-ղազախական հարաբերությունները, որոնք բազմաբովանդակ են։ 

«Կարևոր եմ համարում մշակութային միջոցառումները, քանի որ իրականում ժողովուրդների համար միմյանց հասկանալու և ընկալելու առումով մշակույթը շատ կարևոր է», – նշեց ՀՀ նախագահը։ Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Տեսանյութեր

Լրահոս