«Անհետ կորածներից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին տեղեկանքներ ունենք կազմած». Արգիշտի Քյարամյան

Այսօր ԱԺ-ում ընթացող հանրային քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ 44-օրյա պատերազմից հետո հարուցված քրեական վարույթն ի՞նչ փուլում է, և կա՞ հստակ սահմանված ժամանակ, թե այն երբ պետք է  հասնի ավարտին։

«Իհարկե, ես դրա պատասխանը գիտեմ, բայց կուզեմ դուք այն հնչեցնեք այստեղ՝ հրապարակային։ Կամ այդ նույն վարույթի շրջանակներում անհայտ կորածների գործերն են քննվում, ուզում եմ դրա վերաբերյալ ևս տեղեկատվություն տրամադրեք»,- նշեց Վիլեն Գաբրիելյանը։

Պատասխանելով հարցին, Արգիշտի Քյարամյանը նախ նկատեց, թե պատգամավորը կարևոր հարցեր է բարձրաձայնում։

«Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին,  գործընկերներս դրան անդրադարձան։ Նոր դատավարության քրեական գործի հարուցման փուլն է վերացվել՝ մեզ ավելի հայտնի նյութերի նախապատրաստության փուլը, որի ընթացքում 10-օրյա ժամկետում, որոշ դեպքերում այդ ժամկետն ավելանում է, հնարավորություն կար որոշակի գործողություններ կատարել և հասկանալ՝ արարքում հանցակազմ կա՞ր, թե՞ չկա Հիմա մենք այդ փուլը չունենք և շատ դեպքերում և մեծամասամբ վարույթներ ենք նախաձեռնում։ Մենք նաև քանակական տվյալներ ունենք՝ ի դեպ, սա էլ էր կարևոր, վրիպեցի։ Մենք հաշվել ենք, որ այն ժամանակահատվածը, երբ կար այս դրույթը և օգտագործվում էր, տարեկան կտրվածքով շուրջ 17.000 նյութ էր մերժվում, այսինքն՝ 17 վարույթ չէր նախաձեռնվում, որը հիմա նախաձեռնվում է։

Կարդացեք նաև

Սա ուղղակի չի կարող հանցավորության մակարդակի վրա ազդեցություն չունենալ։

Ինչ վերաբերում է իմ կարծիքին՝ սա լա՞վ է, թե՞ վատ, պետք է կիրարկվի, որոշ ժամանակ հետո նոր հասկանանք»,- նշեց ՔԿ նախագահը։

Խոսելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական գործերի մասին, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ սա մեկ վարույթով չէ։

«Ամենասկզբից մենք որոշեցինք տարանջատել սպայական կազմի և շարքային, պայմանագրային, այդ թվում՝ անձնակազմի վերաբերյալ վարույթները։ Սպայական կազմի վերաբերյալ վարույթները բերեցինք Զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։ Հիմնականում 7 ուղղություն կա, քննությունն ընթանում է 7 ուղղությամբ։ Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մենք արդեն ավարտական տեսք ունենք, և իմ տեսանկյունից՝ բոլոր ուղղություններով ունենք վերջնական արդյունքներ։

Շուրջ 600 անձի նկատմամբ մեղադրական գործեր ենք ուղարկել դատարան»,- հավելեց նա։

Արգիշտի Քյարամյանը նաև ասաց՝ անհետ կորածների հարցն իրենց ուշադրության կենտրոնում գտնվող հարց է։

«Մենք դեռևս շատ վաղուց որոշել էինք, որպեսզի անհատական քննություն անցկացնենք յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ, և մենք իրականացրել ենք այդ քննությունը։ Այսօր յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն և քարտեզի վրա առանձին՝ և՛ ցուցմունքներով, և՛ մնացած ապացույցներով, հիմնավորված ունենք։ Ամեն մեկի վերաբերյալ ունենք առանձին կազմված տեղեկանքներ»,- եզրափակեց Քննչական կոմիտեի ղեկավարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս