«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Պնդումս հաստատվեց
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Արդեն մեկ ամիս է՝ ես իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում այս մասին խոսում եմ:
Պնդումս ոչ միայն չհերքվեց, այլ հաստատվեց պաշտոնապես:
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հնարավորինս արագ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ- իրանական սահմանից:
Վաշինգտոնի այդ ցանկությունը բխում է նրա քաղաքականությունից, «Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:
Ի՞նչ հաշվարկով է Մոսկվան գնում անվտանգային վակուումի ստեղծմանը՝ ցույց կտա ժամանակը: Միայն հավելեմ՝ չեմ կարծում, թե այս հարցում Կրեմլը չունի ստրատեգիական հաշվարկ կամ պայմանավորվածություններ Իրանի հետ:
Անկեղծորեն չգիտեմ, թե ո՞րն է Փաշինյանի հաշվարկը:
Կասկած չունեմ, որ առաջիկա օրերին իշխանական պրոպագանդան ցնծության մեջ կլինի՝ «ինքնիշխանության» հերթական «հաղթանակի» առիթով: Իհարկե, դրա վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա, փնթփնթոց ռուսների հասցեին, որ մեզ մենակ թողեցին և իհարկե՝ բարոյական աջակցության տեքստեր Արևմուտքից»: