Բաժիններ՝

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ պետք է ավելին արվի այդ պատերազմից խուսափելու համար։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բայդենի զրույցը լրագրողների հետ։

Լրագրողները հարցրել են Բայդենին, թե որքանով է նա վստահ, որ այդ պատերազմը կարելի է կանխել։

«Որքանո՞վ եք դուք վստահ, որ անձրև չի տեղալու։ Ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ է լինելու։ Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դեռ շատ բան կա անելու, շատ բան կա անելու», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը նաև նշել է, որ Իսրայելի հետ քննարկումներ են ընթանում Իրանի՝ հոկտեմբերի 1-ի հարձակմանը պատասխանելու շուրջ։

«Այսօր ոչինչ չի պատահելու», – հավելել է Բայդենը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը հորդորում է Իսրայելին չհարվածել Իրանի նավթային օբյեկտներին։

Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ում Իսրայելի Դեսպան Դենի Դանոնը CNN-ին հայտնել էր, որ իր երկիրն Իրանին պատասխանելու բազմաթիվ տարբերակներ ունի, և որ Իսրայելը Թեհրանին շուտով ցույց կտա իր ուժը։Իսրայելը հոկտեմբերի 3-ի գիշերը թիրախավորել էր Բեյրութի Դահիե արվարձանը, որից առաջ բնակիչներին կոչ էր արել հեռանալ տներից։

Ավիահարվածների թիրախում, ըստ Axios-ի, «Հեզբոլլահ» շարժման սպանված առաջնորդ Հասան Նասրալլահի հավանական իրավահաջորդն էր՝ շարժման գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը։ Առայժմ պարզ չէ՝ նա սպանվել է թե ոչ։

Իսրայելն իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 3-ին «Հեզբոլլահ»-ը երկրի վրա է արձակել շուրջ 230 հրթիռ։

«Հեզբոլլահ»-ի պնդմամբ՝ իր թիրախում են եղել Իսրայելի ռազմական օբյեկտները Հայֆայի ծոցում։ Խմբավորումը նաև հայտնել է, որ Լիբանանի հարավում մարտերի ժամանակ սպանել է իսրայելցի 17 զինվորի։ Իսրայելն այս հայտարարությունը չի մեկնաբանել։

Մեծ յոթնյակի երկրները հոկտեմբերի 3-ին դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա և վերահաստատել իրենց հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը։ G7-ը նաև զսպվածության կոչ է արել։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս