Բաժիններ՝

Ապագա քրեական ոստիկաններին ներկայացվել է ԱՄՆ FBI-ի փորձը

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և փորձի փոխանակման նպատակով քրեական ոստիկանները շփումներ են ունեցել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության, ԹՊԻՀ գրասենյակի գործընկերների հետ։

Թեմայի շրջանակներում ՀԴԲ կցորդ Ալեքս Տիցայը ներկայացրել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հիմնական գործառույթները և փորձը օպերատիվ տեղեկատվության մշակման, փոխանակման և օգտագործման շրջանակներում։

Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը որպես ուսումնական գործընթացում կարևոր բաղադրիչ՝ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա քրեական ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի մասնագետ Մարիցա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ նմանօրինակ նախաձեռնությունները կնպաստեն ԱՄՆ-Հայաստան իրավապահ մարմինների արդյունավետ կապի ապահովմանն ու համագործակցության ընդլայնմանը։

Ծավալվել է ակտիվ քննարկում ապագա քրեական ոստիկանների և ամերիկյան գործընկերների միջև։ Ընդգծվել է, որ նմանատիպ հանդիպումները միտված են քրեական ոստիկանների կարողությունների զարգացմանը. պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը։

Փորձի փոխանակմանը միտված նման միջոցառումները նպաստում են քրեական ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը և ձեռք բերված գիտելիքների տեղայնացմանը՝ զարգացնելով օպերատիվ և արագ արձագանքման հմտություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս