«Թուրքիայի հետ սահմանին ռուսներն են կանգնած. մտածելու բան ունենք». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական կազմակերպությանը տալու հարցի մասին, նկատեց՝ դրա վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները հայելային են և հայելային տրամաբանության մեջ է քննարկվում։
«Նման փորձ՝ հանձնելու որևէ այլ կազմակերպության, կա և գոյություն ունի, եթե նման բան տեղի ունենա, դա տեղի է ունենալու ՀՀ օրենսդրության համապատասխան։ Եթե տեղի ունենա, ուղղակի այս պահին որևէ որոշված բան չկա, մեկնաբանում եմ այն, ինչն ասել եք։ Եթե նման բան տեղի ունենա, կարծում եմ՝ տրամաբանական է, որ, ելնելով այն բանից, որ մի քանի տարի է, ինչ ավարտվել է այս հակամարտությունը, որպես այդպիսին՝ տաք առումով։ Բնական է, որ շատ ավելի կոմֆորտ կլինի, որ անցնելիս, ենթադրենք, եթե զննում է տեղի ունենում, ապա լինի որևէ երրորդ միջնորդ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, եթե այդ ամենն արվում է ՀՀ օրենքներին համապատասխան, ՀՀ դրոշի ներքո և օրենքներով, ապա ինքիշխանություն զիջելու մասին որևէ խոսք լինել չի կարող։
«Տարիներ շարունակ մեր օդանավակայանում ռուս սահմանապահներն էին կանգնած։ Հիմա էլ Թուրքիայի ու Իրանի սահմանում ռուս սահմանապահներն են կանգնած, կարծում եմ՝ այս առումով նույնպես մենք մտածելու բան ունենք։ Բայց այդ ամենը կարծիք է, առաջարկ է, որը քննարկման փուլում է։
Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բոլոր տեսակի ճանապարհները քաղաքացիների, բեռների համար պետք է բացվեն»,- շեշտեց նա։
Ալեն Սիմոնյանը նաև պատասխանեց հարցին, թե Իրանի ակտիվ հայտարարությունները կարո՞ղ են ենթադրել, որ Ադրբեջանը կգնա նոր ագրեսիայի, քանի որ իրանական կողմը մշտապես Ադրբեջանին կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունը.
«Չգիտեմ՝ մենք դրանով պե՞տք է եզրակացություն անենք, թե՞ ոչ, ես մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա կիրառել Հայաստանի նկատմամբ, ես մշտապես այդ տրամաբանությամբ եմ շարժվում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



