Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա այցի առումով Կրեմլին չի անհանգստացնում այն, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգություններ կան՝ կապված Մոնղոլիայի կողմից ՄՔԴ-ի իրավասության ճանաչման հետ, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է.
«Ոչ, անհանգստություն չկա»։«Մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր բարեկամների հետ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Պեսկովին հարցրել են՝ արդյոք Մոնղոլիայի իշխանությունների հետ բանակցություններ տեղի են ունեցել ՄՔԴ-ի կողմից Պուտինի ձերբակալման հրաման տալու շուրջ։«Անշուշտ, այցի բոլոր ասպեկտները մանրակրկիտ նախապատրաստվել են»,- ասել է Պեսկովը։
Ակնկալվում է, որ Ռուսաստանի ղեկավարը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա, որտեղ կմասնակցի Խալխին Գոլ գետի մոտ ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի կողմից ճապոնական զորքերի նկատմամբ տարած հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել պատերազմական հանցագործության, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի տարածքից երեխաներին անօրինական կերպով Ռուսաստան տեղափոխելու համար։
Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։