Ֆրանսիայի իրավապահները Դուրովի եւ նրա եղբոր ձերբակալության օրդերը տվել են դեռեւս 2024 թվականի մարտի 25-ին. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ամերիկյան Politico պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի իրավապահները Դուրովի եւ նրա եղբոր ձերբակալության օրդերը տվել են դեռեւս 2024 թվականի մարտի 25-ին, այն բանից հետո, երբ հարուցված քրգործի շրջանակում Տելեգրամը հրաժարվել է տրամադրել օգտատերերից մեկին նույնականացնող տվյալները:

Հիշեցնեմ, որ ձերբակալման առաջին իսկ օրը կարծիք հայտնեցի, որ գործնականում անհնար եմ համարում, որպեսզի Դուրովը չիմանար, որ Ֆրանսիան ունի իրեն ձերբակալելու մտադրություն եւ կա օրդեր: Եվ առավել եւս անհնար է, որ նա այդ մասին չիմանար, եթե օրդերը մարտի 25-ից է, իսկ հարուցված քրգործով պաշտոնական հարցումներ են եղել Տելեգրամին:

Ըստ այդմ եզրակացրել էի, որ, Դուրովը կամ ինքն է «հանձնվել»՝ իմանալով, որ իրեն պատրաստվում են ձերբակալել, բայց գնալով այնտեղ, կամ նրան պարզապես խաբել ու ներգրավել են, ինչը նշանակում է, որ խաբել են այնքան բարձր մակարդակով, որ նա չի էլ կասկածել, որ դա կարող է լինել խաբեություն, որ այդ մակարդակում իրեն կարող են «գցել»:

Իսկ այդտեղ ուշագրավ է դառնում այն, ինչ նա ըստ ֆրանսիական լրատվամիջոցների ասել է ոստիկանությանը, որ՝ Փարիզ է ժամանել Մակրոնի հետ ընթրելու: Ելիսեյան պալատը հերքել է դա, եւ իհարկե տարօրինակ կլիներ, եթե հաստատեր:

Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք Ելիսեյան պալատի մակարդակով են նրան հավաստիացրել, որ չկա ձերբակալվելու վտանգ եւ հրավիրել են Փարիզ, թե՞ օրինակ նրան կարող էին այդպիսի հավաստիացում տալ որեւէ այլ երկրի բարձր մակարդակով՝ Փարիզի հետ համաձայնությամբ, «հանձնելով» Դուրովին:

Կրկնեմ, պատմությունն անկասկած բավականին խորհրդավոր է եւ բազմաշերտ, չնայած թվացյալ պարզությանը: Ըստ իս, սա նաեւ նման չէ պարզապես սոցցանցային վերահսկողության խնդրին, այլ, կարծում եմ, առավել քաղաքական եւ «բազմանկյուն» գործընթաց է, որի համատեքստում կարծում եմ դեռ կլինեն հետաքրքիր ծավալումներ:

Ի դեպ, հետախուզում է հայտարարված Պավել Դուրովի եղբոր՝ Նիկոլայ Դուրովի նկատմամբ: Իսկ Տելեգրամի տեխնոլոգիական «ծնողը» հենց նա է, այլ ոչ թե Պավել Դուրովը: Պավելն այսպես ասած «մարկետինգային» դեմքն է, մարկետինգային առաջնորդողը, իսկ ահա «ուղեղը» դա Նիկոլայ Դուրովն է, որը փաստորեն ազատության մեջ է, գոնե առայժմ»:

Տեսանյութեր

Լրահոս