Այս երկրում ճանապարհային երթևեկության անվտանգություն ասվածի առումով պարզապես «թքած վիճակ» է․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Խելագարվելու բան է: Սևանում 35-ամյա կինն իր վարած մեքենայով վրաերթի է ենթարկել երկու անչափահասի, որոնք, ըստ տեղեկության՝ քույր ու եղբայր են, եւ քույրը մահացել է:
Պարզապես սարսափելի է: Այս երկրում ճանապարհային երթևեկության անվտանգություն ասվածի առումով պարզապես «թքած վիճակ» է: Ասում են՝ մեքենաները շատացել են, ու անցնում առաջ: Այո, մեքենաները շատացել են, այո՝ երթևեկությունը խտացել է, այո՝ հետիոտները եւ վարորդները չեն տիրապետում անվտանգության մշակույթի և մտածողության, շատերը չեն տիրապետում կանոնների, շատերը պարզապես չունեն «տարրական ֆայմ», որպեսզի հասկանան՝ իրենց որեւէ արարք վտանգ ներկայացնում է իրենց կամ ուրիշ կյանքի համար, թե՞ ոչ:
Այո, բայց այդ ամենը փոխելու գլխավոր պատասխանատուն ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է, այդ ՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարման ղեկին հայտնվածները, որոնք իրենց անձնական բարեկեցությունն ու անվտանգությունն են ապահովում պետական ռեսուրսի հաշվին, իսկ մնացյալ ամեն ինչի համար մեղավորությունները մարդկանց «գլխում» են:
Այդպես է, երբ կառավարման ղեկին մարդիկ են, որոնց գլխում չկա կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների, տեսական և գործնական փորձի, մտածողության բավարար պաշար:
Հետևանքը լինում է այն, ինքնահոսի է մատնվում հասարակական կենսագործունեության մի ոլորտ, որտեղ ինքնահոսը վտանգավոր է մարդկանց կյանքի համար»: