10 տարուց պակաս քաղաքացիություն ունեցող միգրանտներին ՌԴ-ում կարող են արգելել զենք գնել

ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան-Հանուն արդարության» խմբակցության պատգամավորները կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ օրինագիծ կներկայացնեն, որով առաջարկվում է 10 տարուց պակաս ՌԴ քաղաքացիություն ունեցող միգրանտներին արգելել որսորդական և այլ զենք ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դաշնային օրենքի այս նախագծով առաջարկվում է 10 տարուց պակաս ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց դեպքում արգելք սահմանել սահմանափակ խոցման քաղաքացիական հրազենի, որսորդական զենքի, ողորկափող հրազենի ձեռքբերման համար»,– գրված է օրինագծի բացատրական գրության մեջ։

Բացի այդ, առաջարկվում է նաև «Զենքի մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որոնց համաձայն` օտարերկրացիները գազային փոքր բալոններ, ատրճանակներ, էլեկտրահարման սարքեր կկարողանան ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն ստանալուց հինգ տարի անց միայն։

«Ամեն օր քրեական հանցագործությունների մասին հաղորդումներից տեղեկանում ենք միգրանտների մասնակցությամբ հերթական լուրջ միջադեպի մասին` սպանություններ, վեճեր, թալան, բռնություն։ Բարդ իրավիճակ է և ամեն ինչ կարող է էլ ավելի վատթարանալ, եթե պետությունը չխստացնի միգրանտներին զենք վաճառելուն վերաբերող կանոնները»,- հայտարարել է Միրոնովը։

Նա նաև նշել է, որ ԱՊՀ մի շարք քաղաքացիներ ձգտում են հնարավորինս արագ ՌԴ քաղաքացիություն ստանալ, ընդ որում` առանց ռուսերենի անհրաժեշտ իմացության։ Իսկ ՌԴ անձնագիր ստանալուց անմիջապես հետո, նրա խոսքով, դիմում են զենքի ձեռքբերման թույլտվություն ստանալու։

Տեսանյութեր

Լրահոս