Մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկել «Բագրատաշեն»-ում ծանրաբեռնվածությունը թոթափելու համար

Մաքսային մարմինը «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացած հերթերը, ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկել է քայլեր: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ-ից հիշեցրել են՝ Վերին Լարսի անցակետից դեպի Վրաստան ուղղությամբ մարդատար մեքենաների հոսքով պայմանավորված՝ Լարսում գոյացել էին աննախադեպ կուտակումներ, որի պատճառով առաջնահերթություն էր տրվել մարդատար մեքենաների հոսքը թեթևացնելուն:

«Մեծ տեմպով Լարսից բաց են թողնվել բեռնատար տրանսպորտային միջոցները, որի հետևանքով «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացել են հերթեր: Այնուամենայնիվ, մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն» մաքսային անցման կետում ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- հայտնեցին կոմիտեից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակոՎ 2024 թվականի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում սահմանափակվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս