Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ տարածքում առաջխաղացումը «լավ է ընթանում»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ Կուրսկի մարզում առաջխաղացումը «լավ է ընթանում»։ Այս մասին Զելենսկին հայտնել է օգոստոսի 14-ի իր երեկոյան տեսաուղերձում։

«Կուրսկի մարզում մեր առաջխաղացումն այսօր լավ է ընթանում, մենք հասնում ենք մեր ռազմավարական նպատակին։ Մեր պետության համար «փոխանակման ֆոնդը» զգալիորեն համալրվել է», – ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Կուրսկում վերցված ռուսաստանցի ռազմագերիներին, որոնց հետագայում հնարավոր կլինի փոխանակել ուկրաինացի զինվորների հետ։

Զելենսկին նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն աշխատում են այնպես, ինչպես հարկն է, սակայն «կան բաներ, որոնք հնարավոր չէ անել ԱԹՍ-ներով»։

«Մեզ այլ զենքեր են անհրաժեշտ՝ հրթիռային զենքեր, և մենք շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ Ուկրաինային մեծ հեռահարության զենքերի (մատակարարման։- խմբ.) շուրջ որոշումների ուղղությամբ», – ասել է Զելենսկին։

Կիևը պնդում է, որ Ուկրաինան Կուրսկի մարզում վերահսկում է ավելի քան 1000 քառ. կմ տարածք։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն իր հերթին հայտնել է, որ «բուֆերային գոտու» ստեղծումը նպատակ ունի «պաշտպանել սահմանային համայնքները թշնամու ամենօրյա հարձակումներից»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Զելենսկիին զեկուցել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքում ռուսական ուժերին պարտության մատնելու և ավելի քան 100 ռազմագերի վերցնելու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսկ ուկրաինական հեռուստաալիքներով ցուցադրել են Ուկրաինայից Սուջա հումանիտար օգնության մատակարարման և վարչական շենքից Ռուսաստանի դրոշը հանելու կադրեր։

Իր հերթին Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ պարտադիր տարհանում է հայտարարվել ամբողջ Գլուշկովոյի շրջանում։ Այս հայտարարությունից ընդամենը ժամեր առաջ տարհանում էր հայտարարվել միայն Գլուշկովո բնակավայրում։

Գլուշկովոյի շրջանում մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունն ապրում էր շուրջ 20 000 մարդ։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հետախույզները շարունակում են ոչնչացնել ուկրաինական տեխնիկան Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։

Տեսանյութեր

Լրահոս