Ժողովուրդը պահանջում էր հիմա, իսկ Րաֆֆին ասաց` ժամը 6-ին

Քիչ առաջ Ազատության հրապարակում, որտեղ բազմահազար մարդկանց առջև ելույթ ունեցավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, տեղի ունեցավ «Նոր Հայաստանի» երդմնակալությունը, ինչպես նախօրեին հայտարարել էր ինքը` շարժման ղեկավարը:

«Այստեղ չկա սուտ, այստեղ չկա 30 արծաթ, չկան կեղծ քարոզներ խորանից, ոչ էլ կեղծ ելույթներ նախագահականից, կա հայ ժողովուրդը»,- երդումն արտասանելուց առաջ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ներկայացնում ենք երդման տեքստը, որը քաղաքացիների հետ միասին կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանը.

«Հանուն հավատքի և Հանրապետության` ես` ՀՀ քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա, անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին: Ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ և ես չեմ վախենում, և ես չեմ վաճառվում, և ես չեմ նահանջում: Մենք` Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք: Մենք` Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո, կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու հայաստանցիները, որտեղ կա իրավունք, որտեղ կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ: Այդ օրը հեռու չէ, այդ օրն այսօր է»:

Սակայն ավելի հետաքրքրական էր այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում կոչ էր արել նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ այսօր ժամը 6-ին գալ Ազատության հրապարակ և միանալ ժողովրդին:
Եվ ահա, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ժամը 6-ին` Ազատության հրապարակում, ով որ քաջ է, ով չի վախենում, ով չի գնալու սերիալ նայելու, լինի այստեղ, և մենք պատմությունը միասին պիտի կերտենք»:

Սակայն, ինչպես հաճախ է տեղի ունենում նման ցույցերի ժամանակ, ամբոխն առաջնորդից պահանջեց չհետաձգել իրադարձությունը և սկսեց վանկարկել «հի՛-մա՛»: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կրկին հիշեց «մի-ա-ցում» կարգախոսը:

Րաֆֆին կրկին կոչ արեց ժամը 6-ին գալ հրապարակ` միասին «ազգային միասնության պայքարը» տանելու համար` նշելով, որ մինչ այդ կլինի համերգ` երգուպար:

«Ողջունեք հիմա, Արթուր Իսպիրյան, Ավետիս Տերտերյան` «Բարև, Երևան» օրհներգը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հեռացավ հրապարակից` Հյուսիսային պողոտայով շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ, իսկ նրան հետևեց բազմությունը: Ավելացնենք, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ուղևորվում է նախագահական նստավայր:

Տեսանյութեր

Լրահոս