Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։
Հարիսին աջակցություն է հայտնել ընտրողների 44 %-ը, Թրամփին՝ 42 %-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ին՝ այն բանից հետո, երբ Բայդենը հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսին որպես դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու աջակցելու մասին։
Reuters-ը նշում է, որ անցյալ շաբաթ անցկացված հարցումների արդյունքներով, երբ Բայդենը դեռ ընտրապայքարում էր, Թրամփը 2 %-ով գերազանցում էր Բայդենին։
Գրանցված ընտրողների 56 %-ը համաձայնել է այն պնդման հետ, որ 59-ամյա Հարիսն ունի «սուր միտք և կարող է հաղթահարել մարտահրավերները»։ Նման կարծիք 78-ամյա Թրամփի մասին հայտնել է հարցվածների 49 %-ը։ Բայդենին նման գնահատական էր տվել հարցվածների ընդամենը 22 %-ը։
Դեմոկրատ ընտրողների երեք չորրորդը համաձայնել է այն պնդման հետ, որ կուսակցությունը և ընտրողները պետք է կանգնեն Հարիսի հետևում, մինչդեռ մեկ երրորդը գտնում է, որ կուսակցության կողմից առաջադրվելու համար պետք է մրցակցություն լինի մի քանի թեկնածուների միջև։
Առցանց ձևաչափով անցկացված հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 1241 չափահաս քաղաքացի, այդ թվում՝ 1018 գրանցված ընտրող։