Բաժիններ՝

«Դասական խարդախության հետ գործ ունենք». Ասում է քաղաքապետարանի պաշտոնյայի պաշտպանը

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Կարեն  Միքայելյանի պաշտպան  Լևոն Ներսեսյանը այսօրվա դատական նիստում միջնորդել է վերաորակել քաղաքապետարանի պաշտոնյային առաջադրված մեղադրանքը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Նա հայտարարել է, որ իր պաշտպանյալն ընդունել է խարդախության մեղադրանքը, սակայն կաշառք ստանալու մեղադրանքն անհիմն է, ապօրինի և չի բխում քննության ձեռք բերված ապացույցներից: Փաստաբանի ներկայացմամբ, Կ.Միքայելյանն օժտված  չի եղել իշխանության ներկայացուցչի, մասնավորապես, մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու   լիազորություններով, ուստի չէր կարող դրա դիմաց կաշառք ստանալ:

«Դասական խարդախության հետ գործ ունենք» , – հայտարարեց պաշտպանը՝ միջնորդելով կաշառք ստանալու մեղադրանքը վերաորակել խաբեության ու   վստահությունը չարաշահելու եղանակով խարդախության:

Երևանի  Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի պաշտպան Կիմա Սարյանը ևս միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված կաշառք ատանալուն ու խարդախությանը օժանդակելու մեղադրանքը վերաորակել կաշառքի միջնորդության:

Պաշտպաններն ու պաշտպանյալներն իրենց պաշտպանական ճառերում դատարանից խնդրեցին հնարավորինս մեղմ պատիժ նշանակել:

Մեղադրող կողմն իր ճառում  ավելի վաղ միջնորդել էր Կ.Միքայելյանին ու Գ.Դանիելյանին դատապարտել համապատասխանաբար 8 և 7 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:

Ըստ մեղադրանքի դրվագներից մեկի, Կ.Միքայելյանը, ով նաև  Երևանի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ էր,  2007թ. գարնանը և ամռանը  անձամբ և  Գ. Դանիելյանի միջոցով  անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանից խոշոր չափերով՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք  ստանալու մեջ՝ նրան  պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու համար:

Ի դեպ, Լ.Իսպիրյանը միջնորդեց իր քաղհայցը լրացնելու  կամ փոփոխելու համար  իրեն մեկ օր տրամադրել՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մեկ շաբաթ տրամադրեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս