Հովիկ Մուսայելյան. «Կադրային փոփոխությունների և նոր մոտեցումների պահանջարկ կա»

«Երկրի նախագահը, վերընտրվելու դեպքում, երեք տարի ունի` լրջագույն բարեփոխումներ իրականացնելու համար: Դրանից հետո նա դիտարկվելու է՝ իբրև ժամանակավոր ֆիգուր, քանի որ բոլորը սկսելու են խոսել 2018թ. նախագահական ընտրությունների մասին և նախագահի նոր թեկնածուների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ տեղում ընդգրկված Հովիկ Մուսայելյանը:

Նա համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ բարեփոխումներն իրականացնել, միայն թե այդ հարցում  նրան պետք է  բոլորս օգնենք:  Հովիկ Մուսայելյանը նշեց, որ գործի բերումով տարվա մեջ մի քանի անգամ Սերժ Սարգսյանի հետ զրուցելու առիթներ է ունենում և  բարեփոխումներ իրականացնելու տրամադրվածություն  նկատել է: «Կարծում եմ` նա, ավելի լավ, քան մեզանից որևէ մեկը, գիտակցում է, որ այս երեք տարին որոշիչ են լինելու երկրի համար»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:

Այն հարցին, թե այդ փոփոխությունները որքանո՞վ են կախված կառավարության կազմում կադրային փոփոխություններից, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենը պատասխանեց, որ  երկրում բազմաթիվ մտահոգիչ խնդիրներ կան` դեմոգրաֆիկ անբարենպաստ պատկեր, կոռուպցիոն խնդիրներ, սոցիալական լարվածություն, և մարդիկ նաև նոր կառավաությունից են ակնկալում փոփոխություններ: «Սովորաբար մարդիկ այդ փոփոխությունները կապում են կադրային փոփոխությունների հետ, և եթե այդ փոփոխությունները չեն արվում, մարդիկ ավելի են հիասթափվում: Ես կարծում եմ` փոփոխությունների կարիք կա: Եթե ես հիմա նշեմ, թե որ բնագավառներում փոփոխություններ պետք  է լինեն, դա կնշանակի, որ մյուս բնագավառներում ամեն ինչ այնքան լավ է, որ փոփոխության կարիք չկա: Կարծում եմ` բնագավառները բոլորիս էլ հայտնի են: Ամեն դեպքում որոշակի փոփոխությունների և  նոր մոտեցումների պահանջարկ կա հասարակության կողմից»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:

Հովիկ Մուսայելյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս