Ոստիկանությունը զգուշացնում է «Ժառանգությանը»

ՀՀ ոստիկանության հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանի կողմից ս/թ. ապրիլի 9-ին անցկացվելիք հանրային հավաքի առնչությամբ

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում ընդգծել, որ անշեղորեն կատարել է իր լիազորությունների սահմաններում խաղաղ հավաքներին աջակցելու իր պարտականությունը: Այսուհետ ևս ՀՀ ոստիկանությունը շարունակելու է իր այդ գործելաոճը, որը պայմանավորված է օրենքի բովանդակությամբ:

Մյուս կողմից, Նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը` կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ:

Նման պարագայում ՀՀ ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը: Այսպես, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն:

Ակնհայտ է, որ եթե հավաքի կազմակերպիչը կամ առանձին մասնակիցներ, «այլընտրանքային եղանակով իբրև թե ստանձնելով Հանրապետության Նախագահի լիազորությունները» փորձելու են կոնկրետ գործողություններով ձեռնամուխ լինել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորություններ ու դրանից բխող այլ գործողություններ իրականացնելուն, ապա նման հանրորեն վտանգավոր արարքներ կատարողներին ՀՀ ոստիկանությունը հեռացնելու է հավաքի վայրից, իսկ եթե դա անհնարին լինի հավաքի մասնակիցների մեծ մասի կողմից նման գործողություններին միանալու կամ դրանց հավանություն տալու դեպքում, ապա ոստիկանությունը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է դադարեցնի հավաքը, քանի որ այլ կերպ չի կարող արգելափակել հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:

Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ապրիլի 9-ին անցկացվելիք հավաքի շրջանակներում երթի անցկացման դեպքում անշեղորեն հետևելու է լիազոր մարմնի` 4 ապրիլի 2013 թ.` երթի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին թիվ 70 որոշման մեջ ամրագրված սահմանափակումների խստիվ պահպանմանը: Հետևաբար, ոստիկանության անխուսափելի և համարժեք միջամտությունից ու հնարավոր բախումներից խուսափելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին լիովին պահպանելու լիազոր մարմնի որոշման պահանջները:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում ևս մեկ անգամ հատուկ շեշտել, որ իր աջակցությունը հավաքներին կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն սահմանափակվում այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը, իսկ հավաքի ժամանակ հակաիրավական, հատկապես, հանրորեն վտանգավոր գործողությունները կամ դրանց անմիջական սպառնալիքը կարող են էապես նվազեցնել խաղաղ հավաքի պաշտպանության` օրենքով ամրագրված երաշխիքի պահպանման հնարավորությունը:

ՀՀ ոստիկանությունը գիտակցում է իր բարձր պատասխանատվությունը` աջակցելու իրապես խաղաղ հավաքների բնականոն անցկացմանը: Սակայն այդ պատասխանատվությունը իրենց վերաբերող մասով պարտավոր են կրել նաև հավաքների կազմակերպիչները և մասնակիցները` կատարելով օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Հակառակ պարագայում՝ անկախ ՀՀ ոստիկանության բոլոր ջանքերից և հավաքների մասնակիցների զգալի մեծամասնության խաղաղ մտադրություններից, գործնականում անառարկայական կդառնա նման հավաքների անցկացմանն աջակցելու որևէ լիազորություն:

Տեսանյութեր

Լրահոս