Ոստիկանությունը պատասխանում է «Ժառանգությանը»
«Ժառանգության» շտաբը հայտարարություններ է տարածել, թե ինչ-որ անձինք պոկել են իրենց իրազեկման թերթիկները, թե ոստիկանության ծառայողները խոչընդոտում են մայրաքաղաքի բնակիչներին այս կամ այն միջոցառումներին մասնակից լինել, և այլն, և այլն: Շտաբը, միևնույն ժամանակ, ոստիկանությունից պահանջում է պատասխանատվության ենթարկել նման անձանց և հիշեցնում ոստիկանության պարտականություններն ու գործառույթները:
Ոստիկանությունը հստակ գիտի իր պարտականությունները և գործառույթները, որոնք իրականացնում է օրենքի շրջանակներում` նույնը պահանջելով նաև օրենքի անունից հանդես եկող, բայց օրենքը չհարգողներից, մասնավորապես, իրազեկման պաստառները դրանց համար չնախատեսված տեղերում փակցնողներից:
Օրենքը, կրկնում ենք, հավասարապես բոլորի համար է: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ոմանք շրջանառության մեջ են դնում անհիմն, անփաստարկ, մտացածին հայտարարությունների մեխանիզմը, որի միակ նպատակը քաղաքացիներին ապակողմնորոշելն ու կասկածի և թերահավատության մթնոլորտ ստեղծելն է:
Հստակ գիտակցելով հանդերձ, թե ինչը ինչու և ինչպես է արվում, ոստիկանությունը, ապահովելով օրենքի տառը և առանց որևէ մեկի պահանջի կամ հորդորի, երբեք անտես չի առել և այսօր էլ ընթացք է տալիս օրինախախտման բոլոր դեպքերի քննությանը:
Մասնավորապես, ապրիլի 7-ին, ժամը 23.30-ին, «Ժառանգության» ներկայացուցչից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 6-ին և ապրիլի 7-ին, Արաբկիրի վարչական տարածքում նախատեսված վայրերում, իրենց կողմից փակցվել են «Ժառանգություն» կուսակցության` ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման պաստառներ, սակայն անհայտ անձինք պաստառներից պոկել են շուրջ քսանհինգը և պատճառել նյութական վնաս: Կատարվում է քննություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ ապրիլի լույս 8-ի գիշերը մայրաքաղաքի որոշ վարչական տարածքներում հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելու կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է վարչական վարույթ:
Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հրապարակմանը, որտեղ նշվում էր «մի քանի գյումրեցիների» քայլերթը խոչընդոտած ոստիկանների մասին, ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ միջադեպի իսկությունն ու հանգամանքները ճշտվում են, և հավաստիացնում ենք, որ իրողությունը հաստատվելու դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
ՀՀ Ոստիկանություն