Նիկոլն ինձանից խլեց իմ մինուճարին. հայրենիքը սկուտեղի վրա մատուցեց թշնամուն՝ «դժգույն ու դժբախտ է հայրենիքը, մեզ պե՞տք է» տրամաբանությամբ. Որդեկորույս մայր

Երկու տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե իրեն հարցնում են՝ «Կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

Հայտարարությունից ընդամենը մի քանի օր հետո 44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած մի քանի տասնյակ ծնողներ հաղորդում ներկայացրեցին Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, քանի որ, նրանց պնդմամբ՝ Ազգային ժողովում նա հանցագործության մասին ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Սակայն մինչ օրս ծնողների ներկայացրած հաղորդումը, ըստ էության, մնացել է անհետևանք:

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից չէր զարմացել, որովհետև անձամբ իր համար ամեն ինչ ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունը 5 հազար տղաների գիտակցված տարել է մահվան։

«Ես միշտ ասել եմ՝ իմ հոգին այն ժամանակ հանգիստ կլինի, երբ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանությունից հեռացվի ու ենթարկվի քրեական պատասխանատվության»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Մարգարյանը։

Կարդացեք նաև

Ժիրայրը տիկին Նաիրայի մինուճար որդին էր՝ ունի 6 աղջիկ։ Ասում է՝ իր մինուճարին Արցախին է տվել, որը, ցավոք, հանձնվեց թշնամուն։

Նաիրա Մարգարյանն այսօր իր վեց անչափահաս աղջիկների հետ ապրում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում՝ վարձակալած տանը, որդին՝ Ժիրայրը, հուղարկավորված է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում։ Մինչև Արցախի հանձնումը՝ տիկին Նաիրան՝ որպես Արցախից տեղահանված, ամեն ինչ արել է բնակարանների գնման սերտիֆիկատ ձեռք բերելու համար, որպեսզի Վահրամաբերդում տուն գնի, իր որդուն էլ մոտ լինի։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո այդ սերտիֆիկատը դարձել է առոչինչ, դրա հետ մարել է տուն գնելու հույսը, որովհետև այս պահին նա կարողանում է միայն աշխատել ու տան վարձը վճարել, քիչ թե շատ՝ նաև երեխաների կարիքները հոգալ։

«Այս ամենի մեջ իմ սփոփանքը կլինի այն ժամանակ, երբ այս իշխանությունը պատասխան տա իր քայլերի համար։ Եթե այս իշխանությունը գիտակցություն ունենար, Արցախն ու Հայաստանը սիրեր, այսպես չէր լինի։ Նիկոլ Փաշինյանի համար սկզբում «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հիմա ասում է՝ սխալվել է, «Արցախն Ադրբեջան է։ Մենք Արցախում էինք ապրում, տղաս այնտեղ պետք է ծառայեր, ու ես դրանով շատ հպարտ էի։ Իմ ու հազարավոր տղաներ պայքարեցին նույնիսկ արգելված զինատեսակների դեմ, որպեսզի Արցախի մեկ միլիմետր անգամ թշնամուն չտան, բայց Նիկոլ Փաշինյանը հայրենիքը դրեց սկուտեղի վրա ու մատուցեց թշնամուն՝ «դժգույն ու դժբախտ է հայրենիքը, մեզ պե՞տք է» տրամաբանությամբ։

Նիկոլն ինձանից խլեց իմ մինուճարին, իմ թև ու թիկունքին, իմ տան ժառանգին»,- ասաց նա։

Նաիրա Մարգարյանի խոսքով՝ երբ կիրանցեցիները Կառավարության շենքում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև արցունքներն աչքերին դուրս էին եկել շենքից, այդ տեսարանը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր կապիտուլյացիան, ու իրենք պետք է դուրս գային Արցախից, քանի որ այն հանձնվելու էր թշնամուն։

«Քոչվոր մի ազգ ձեռքը դրել է հայկական հողին ու ասում է՝ սա իմն է, սա էլ է իմը, իսկ մենք խոնարհ գառի նման հնազանդվում ենք։ Ես Արցախից հետո, հիմա վախենում եմ Հայաստանի համար, որ եթե այս իշխանությունը մնա, մենք Հայաստանն էլ ենք կորցնելու»,- հավելեց Նաիրա Մարգարյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մինչև Արցախի վերջնական հանձնումը, որոշ չափով իրենց՝ Արցախից 2020 թվականից տեղահանվածներին պետությունն օգնում էր, Արցախը հանձնելուց հետո անձամբ տիկին Նաիրան որևէ օգնություն չի ստացել։

«Երբեմն անհատներն են օգնում, բայց կարծում եմ՝ որևէ մեկի օգնությունն ինձ պետք չէ, առավել ևս՝ այս իշխանություններից։ Աշխատում եմ իմ ուժերով հարցերս լուծել։ Գյուղում տարբեր աշխատանքներ եմ կատարում, ինչ կարողանում եմ։ Իհարկե, շատ դժվար է կյանքը, վեց աղջիկներս անչափահաս են, հիմա մարդիկ չեն կարողանում երկու երեխա պահել, ես վեցին եմ պահում ու փորձում ոտքի կանգնել։

Որպես զոհվածի ընտանիք՝ մեզ բնակարանի սերտիֆիկատ տվեցին, իսկ Արցախը հանձնելուց հետո այն դարձավ առոչինչ, որովհետև այդ գումարի մի մասը պետք է տրամադրեր Արցախի Կառավարությունը, բայց քանի որ Արցախը հանձնեցին, այդ պատճառով էլ չեղարկվեց ամեն ինչ»,- եզրափակեց Նաիրա Մարգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս