Սահմանագծումից հետո հայ գյուղացուն վարելահող մնալո՞ւ է. նախկինում լուրջ սպառազինությամբ թշնամու ագրեսիան զսպվում էր, հիմա անորոշություն է. Աշոտ Հարությունյան
ՀՀ իշխանության կողմից Տավուշի մարզում իրականացրած սահմանագծման արդյունքում ոչ միայն Կիրանց գյուղի որոշ բնակիչների տներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ նաև միջպետական ճանապարհի գյուղով անցնող հատվածը և գյուղի կամուրջը։ Կիրանցեցիների վարելահողերի մի հատվածի մշակումը ևս դառնում է խնդրահարույց։ Բնակիչների մի մասն արդեն սեփական միջոցներով ցորեն էր ցանել, բայց հիմա չի կարողանում բերքը հավաքել, քանի որ հողատարածքը գտնվում է ադրբեջանցի սահմանապահների հարևանությամբ և անվտանգությունից ելնելով՝ հայ սահմանապահները բնակիչներին չեն թողնում մոտենալ դաշտերին։
Հայտնի՞ է, թե սահմանագծման արդյունքում բնակիչները որքան վարելահող են կորցնելու: Ալմա Աթայի հռչակագրով սահմաններին վերադառնալուց հետո, ինչպես Նիկոլ Փաշինյանն է բազմիցս նշել, սահմանի մոտ ապրող բնակիչն ընդհանրապես վարելահող կունենա՞։
168.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ ասաց, որ մինչև 2020 թվականն ընդհանուր առմամբ Հայաստանի վարելահողերի մոտավորապես 14 հազար 500 հեկտարի կարգի չի մշակվել՝ ականապատ ու վտանգավոր դիրքավորում ունեցող տարածքներ են համարվել։
«2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից, նաև 2021, 2022 թվականներից հետո, Սյունիքում՝ Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, ավելացել է արդեն չմշակվող վարելահողերի քանակը և արոտավայրերի ու խոտհարքերի տարածքները։ Նույնը վերաբերում է նաև Գեղարքունիքի մարզին՝ հիմնականում բարձրադիր տարածքներում, Սոթք, Կութ։ Այս տարածքներում վարելահողերը, որոնք երկար ժամանակ գրեթե չէին մշակվում, հիմնականում դարձել էին արոտավայրեր, խոտհարքեր։ Դրանք այս պահի դրությամբ չեն օգտագործվում։ Հիմա Տավուշում ևս այդ վիճակն է։
Միայն Տավուշի մարզում, վտանգավոր համարվող տարածքները, որոնք չէին մշակվում, կազմում էին 7200 հեկտար, Գեղարքունիքում՝ 6 հազար, իսկ Սյունիքում՝ 800 հեկտար, Վայոց ձորում՝ 250, իսկ Արարատի մարզում՝ 500 հեկտար։ Այս ամբողջը կազմում էր 14 հազար 750 հեկտար։ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում՝ Ջողազի ջրամբարի հատվածում, դեռևս 2017 թվականին գիտե՞ք ինչ արտակարգ ցորեն էր լինում, ինքս եմ գնացել, իմ աչքով տեսել, հիմա ցորենի մշակումը դառնալու է խնդրահարույց»,- նշեց Աշոտ Հարությունյանը։
Աշոտ Հարությունյանի փոխանցմամբ՝ Տավուշի մարզում կային գյուղեր, որտեղ բերքահավաքի ժամանակ ադրբեջանական կողմը մշտապես կրակում էր, նաև դաշտում աշխատող գյուղատնտեսական տեխնիկայի վրա, օրինակ՝ Բաղանիսում։ Նույնիսկ Ազատամուտ գյուղում թշնամին ազնվամորու դաշտ էր այրել։ Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ և՛ Շամշադինի տարածաշրջանում, և՛ Նոյեմբերյանում ու Իջևանում հիմնականում բերքահավաքի ժամանակ՝ հացահատիկի ու խաղողի, ադրբեջանական կողմը կրակում էր, բերքահավաքը գյուղացիների «քթից էր բերում»։
«Հիմա ես չգիտեմ, թե ինչ պետք է անեն, հատկապես այն դեպքում, երբ այն ժամանակ մեր դիրքերն ամուր էին, և ադրբեջանական դիրքերից բավականին հեռու էինք։ Հիմա արդեն այդ տարածքներում առհասարակ հնարավոր չի լինի բերքահավաք իրականացնել։ Ռիսկը՝ զուտ բանավոր խոսքով, որի 99 տոկոսը սուտ է դուրս եկել, չես կարող նվազեցնել, որևէ դաշտատեր ռիսկ չի անի կյանքը վտանգի ու գնա այդ հողը մշակի։ Հիշում եմ, 2017 թվականին, երբ սահմանամերձ համայնքների խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով կար՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, հանձնաժողովի անդամ էի նաև ես, գնացել էինք սահմանամերձ Մովսես գյուղ։ Գյուղի դպրոցի մոտ կանգնած զրուցում էինք երջանկահիշատակ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ, մեր դիրքերի դիրքավորումից էինք խոսում։ Հետո եկան բնակիչները, սկսեցինք քննարկել սերմացուի, պարարտանյութի հարցեր, չեք հավատա, իրենք վատ բաները չէին ասում, հիշում եմ՝ մոտ 60 տարեկան մի կնոջ հարցրեցի, թե ցանքը ինչպես է անցնում, ասաց՝ հողը վարել են ու սպասում են, որպեսզի թուխպ լինի, գնան սերմը դնեն հողի մեջ։ Այսինքն՝ այդ մարդիկ սպասում էին, որպեսզի մառախուղ լինի, որպեսզի կարողանան դիտարկումից խուսափեն ու հողը մշակեն։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ աշխատասեր մարդիկ են այդ տարածքի մարդիկ։ Իսկ հիմա այդ հողերը չեն մշակի, թե ինչ կլինի վաղը՝ չգիտեմ»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։
Մեր զրուցակցի համար այս պահին անհայտ է, թե սահմանագծում կոչվածից հետո հայկական դիրքերը որտեղ են տեղափոխվել, ինչ վիճակում են, ու առհասարակ մինչև այդ գործընթացի ավարտը դեռ ինչ տարածքներ են տալու Ադրբեջանին։ Հետևաբար՝ այս պահին չի կարող ասել, թե կոնկրետ Տավուշում ինչ իրավիճակ է լինելու։
«Նախկինում բավականին լուրջ սպառազինությամբ մենք կարողանում էինք զսպել թշնամուն, և՛ նրա առաջխաղացումը, և՛ ագրեսիաները։ Իսկ հիմա ասում են, որ սահմանը կպահի սահմանապահը, մենք չգիտենք՝ նա ինչո՞վ է զինված, ի՞նչ է անելու ադրբեջանական ագրեսիայի դեպքում։ Հիմա, երբ թշնամին 50+1 մետրի վրա է, սա արդեն իմ տրամաբանությունում չի տեղավորվում։ Յուրաքանչյուր մարդ էլ խաղաղություն է ուզում, բայց եթե վաղն ադրբեջանական էսկալացիան ավելի ծանր է լինելու, ապա նման խաղաղություն որևէ մեկիս պետք չէ»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։