Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրում է ժամանակի սղությունը՝ Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար
Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ» թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝
- Հայաստանի համար չափազանց վտանգավոր ու ռիսկային տարածաշրջանային զարգացումներ
- Արտաքին քաղաքականության ձախողումներ
- Ինչո՞ւ է Հայաստանն անընդհատ կորցնում բնական դաշնակիցներին
- Ի՞նչ է պետք անել վերականգնելու համար Հայաստանի անվտանգային, դաշնակցային միջավայրը
- Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում
- Ռազմավարական հարաբերությունների վերագործարկման հնարավորությունները Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ
- Հայկական աշխարհի ներուժի օգտագործման կենսական անհրաժեշտությունը
Մասնակիցների գնահատմամբ գործող իշխանությունը վարում է անհեռատես և վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դեպի լիակատար մեկուսացում՝ առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետության։
Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկա տարաձայնությունների և խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ։
Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապես կարևոր է բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։
Զուգահեռ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայության միջազգային ճանաչված անքակտելի իրավունքների վերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողում երաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։
Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրում է ժամանակի սղությունը՝ Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։ Միաժամանակ, Խորհուրդն իր խորը համոզմունքն է արտահայտում, որ նպատակաուղղված, ճիշտ, հետևողական, համակարգված, գրագետ և սկզբունքային քայլերի արդյունքում հնարավոր է էապես շտկել իրավիճակն՝ ի վերջո վերադառնալով երկրի անվտանգ, կայուն և տևական զարգացման հուն։
Դիվանագետների համահայկական խորհուրդ