Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ահազանգում է
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ոստիկանության աշխատակիցները պատռում են ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքի մասին ներկայացնող թռուցիկները, ահաբեկում են գյուղերի բնակչությանը: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը Ոստիկանությանը կոչ է անում չխախտել օրենքն ու ապահովել օրենքի տառը:
«Երեկ և այսօր «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած և Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից: Սակայն այսօր երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետևող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հանյտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղևորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք: «Ժառանգության» երիտասարդները այս պահին հանցագործության մասին հայտարարություն են տալիս ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:
Մենք նաև ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահաավքին մասնակցելուց:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է ՀՀ Ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում և հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը և ոչ թե իրականացնել իշխող կուսակցության և նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: