Հայաստանում դպրոցների տնօրենների ընտրությունը կիրականացվի նոր եղանակով
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը գոհացուցիչ չի համարում դպրոցների տնօրենների ընտրության գործընթացի արդյունքները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ դպրոցների տնօրենների հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերի փորձաքննության և հարցազրույցի փուլերում, մասնավորապես, այս տարի բավականին ցածր ցուցանիշներ են արձանագրվել:
«Ընդհանուր առմամբ փորձաքննվել է 574 ծրագիր, որոնցից 42-ն է դրական փորձաքննություն ստացել, այսինքն՝ 7,3 տոկոսը: Դրական փորձաքննություն ունեցող հավակնորդների հարցազրույցների ժամանակ ընդամենը 35 տոկոսն է հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացել և տնօրեն նշանակվել»,-մանրամասնեց Սվաջյանը՝ հավելելով, որ նման ցածր ցուցանիշներ են արձանագրվել՝ չնայած այն հանգամանքին, որ դպրոցի զարգացման ծրագրի չափանիշներն ավելի էին հստակեցվել, որպեսզի հավակնորդներն ավելի հեշտությամբ կարողանան այն մշակել:
Փոխնախարարն ակնհայտ համարեց դպրոցների տնօրենների հավակնորդների կարողությունների խնդիրը, քանի որ, ըստ նրա, դպրոցում գործողությունների պլանավորման հարցում դժվարանում են նույնիսկ փորձառու տնօրենները:
Սվաջյանը տեղեկացրեց, որ ներկայում մշակվել է դպրոցների տնօրենների հավակնորդների նախապատրաստման, վերապատրաստման ծրագիր, որը կտևի շուրջ 7 ամիս:
Այդ շրջանակներում կիրականացվի շարունակական վերապատրաստում, որի ընթացքում մասնակիցները նաև մենթորական աջակցության հնարավորություն, ինչպես նաև ընթացիկ զարգացման ծրագիր մշակելու հնարավորություն կունենան:
«Վերջում հանձնաժողովի կողմից կիրականացվի վերապատրաստման գործընթացի ամփոփման, այսպես կոչված, ավարտական քննություն և բոլոր նրանք, ովքեր բարեհաջող կհաղթահարեն, հնարավորություն կունենան գործուղվել այն դպրոցներ, որտեղ 2-ից ավելի անգամ տնօրենի մրցույթ է հայտարարվել, սակայն չի կայացել»,-ասաց Սվաջյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհայտարարվի բաց մրցույթ բոլոր այն հավակնորդների համար, որոնք կցանկանան մասնակցել վերապատրաստման ծրագրին: Հավակնորդները նախ պետք է համապատասխանեն տնօրենների պաշտոնի համար պահանջվող պայմաններին, բացի այդ՝ ներկայացնեն էսսե այն հարցի վերաբերյալ, թե ինչու են ուզում դառնալ տնօրեն:
Ծրագրի մասնակիցների ընտրությունը կիրականացվի վերլուծության արդյունքում: Առաջին փուլում նախատեսվում է ընդգրկել 60 մասնակից: