«Կօգտագործենք Թուրքիայի հնարավորությունները և կհիմնենք համատեղ արտադրություն». Հասանովը՝ արկերի մասին
Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա շեշտել է, որ երկու երկրների կառավարման կետերը միմյանց հետ փոխկապակցված են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդգծելով, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը սրընթաց զարգացում է ապրել, և խոսքը ոչ միայն «Bayraktar» հարվածային ԱԹՍ-ների մասին է, Հասանովը շեշտել է, որ Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են արագ տեմպերով։
«Մենք հնարավորություն ունենք ապահովելու մեր կարիքների առնվազն 70 տոկոսը: Մեր նպատակն է սա ավելի բարձր մակարդակի հասցնել: Խոսքը հրաձգային զենքերի մասին է։ Հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել ապահովել մեզ արկերով ու հրթիռներով։ Մենք կօգտագործենք եղբայրական Թուրքիայի հնարավորությունները և կհիմնենք համատեղ արտադրություն»,- նշել է նա։
Հիշեցնենք որ 2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ էին ստորագրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: