Շնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ընկերային Ծառայութեան գրասենյակի վարչական խորհրդի ատենապետ, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը Արևելեան եկեղեցիների վերատեսչութեան վերատեսուչ Կարդինալ Կլաուդիո Կուճերոթիի հրավերով այս օրերուն գտնվում է Վատիկանում, ուր մասնակցում է Արևելյան եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների 97-րդ լիագումար ժողովին՝ զեկոյց ներկայացնելով արցախահայությանը հուզող խնդիրների մասին։

Այս մասին տեղեկանում ենք vaticannews.va-ի հայկական ծառայությունից:

Նրա գնահատմամբ՝ «քանի դեռ արցախցիները խնդիր ունեն, մենք պետք է աշխատենք», և «մեր երազը, իղձն ու հավատքը այն է, որ նրանք վերադառնան իրենց հայրենի հող, հարգվեն նրանց իրավունքները և միջազգային  հանրությունը հասկանա, որ պատահածը մարդկության դեմ հանցագործություն է, 1915 թ. ցեղասպանության շարունակությունը»։

«Տեղի ունեցած իրադարձությանը պետք է տրվի քաղաքական գնահատական և քայլեր ձեռնարկվեն, որպեսզի արցախահայության իրավունքները պաշտպանված լինեն սեփական հողին վրայ»,- ասել է Սրբազան հայրը:

Նա նաև դրական է գնահատել հարցի նկատմամբ Վատիկանի մոտեցումը, որը կարող է մտածել տալ, որ «Արցախի հայ քրիստոնյաները միայնակ չեն, և կաթողիկե եկեղեցին կիսում է նրանց ցավը»։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարևորել է նաև, որ հանրությունը, բարեկամ պետությունները ու նաև Եկեղեցին հաստատուն է իր այն մոտեցման մեջ, որ «Արցախի քրիստոնյաների դեմ տեղի ունեցածը էթնիկ զտում է»։

Ընդունելով ROACO-ի անդամներին՝ Սրբազան Պապը հիշել է Արցախից տեղահանված հայորդիներին:

«Այս օրերին դուք կենտրոնացաք նաև Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանվածների մարդասիրական իրավիճակի վրա. շնորհակալություն այն ամենի համար, որ արվել ու պիտի արվի տուժածներին օգնելու համար»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ նախ շնորհակալություն հայտնելով իր ներկայության համար, ապա խնդրելով վերադարձին պես իր եղբայրական ողջույնները փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և սիրելի հայ ժողովրդին։

Մասյացոտն թեմի առաջնորդը Ռադիո Վատիկանի հայկական բաժանմունքի հետ զրույցում ասել է, որ ինքն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ՝ նրան փոխանցելով ամբողջ աշխարհի հայության ողջույնները ու նրան խնդրելով, որ աղոթի Արցախից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների համար:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս