Բաժիններ՝

Դաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջև

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Դաղստանում երկու զինյալ է ոչնչացվել, ուժայինների աշխատանքը շարունակվում է, հայտնում է ՆԳՆ Դաղստանի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:

«Երկու զինյալ ոչնչացվել է։ Ուժայինների աշխատանքը շարունակվում է։ Քաղաքը շրջափակված է իրավապահների կողմից»,- ասել է Գարիևան՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ քաղաքի մասին է խոսքը։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նաև հայտնել է, որ բախում է տեղի ունենում Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում, այնտեղ այրվում է պարեկների մեքենան, քաղաքացիներին կոչ է արվում դուրս չգալ փողոց:

«Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում հրկիզվել է պարեկային ավտոմեքենա։ Թախանձագին խնդրանք բնակիչներին, մնացեք տանը, դուրս մի եկեք առանց հրատապ անհրաժեշտության»,- հայտնել Է Գարիևան։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են Դաղստանի Դերբենտ քաղաքի սինագոգի և եկեղեցու վրա:

«Դաղստանի ՆԳՆ հերթապահ վարչության տվյալներով՝ մոտավորապես ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին) Դերբենտում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա»,- ասել էր նա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Նաև եկեղեցու հոգևորական է զոհվել։ Կասկածյալները փախուստի են դիմել սպիտակ «Volkswagen Polo» մակնիշի 921 պետհամարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Գրեթե միաժամանակ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ոստիկան, ևս վեցը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Հարձակվողներին ինքնությունը պարզվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս