Գերմանիայի իշխանությունները նախազգուշացրել են Եվրո 2024-ի ընթացքում ահաբեկչության վտանգի մասին․ FT
Գերմանիայի իշխանությունները մտահոգություն են հայտնում, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը մեկնարկել է Գերմանիայում հունիսի 14-ին և կտևի շուրջ մեկ ամիս, կարող է գրավիչ թիրախ լինել ահաբեկիչների համար, գրում է Financial Times-ը՝ նշելով, որ Գերմանիան կարող է ենթարկվել լայնածավալ այնպիսի ահաբեկչության, ինչպես եղավ Մոսկվայում՝ Crocus City Hall-ում։
Այս տարվա մարտի 22-ին Մոսկվայի մարզում՝ Կրասնոգորսկ ավանում գտնվող Crocus City Hall մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչական լայնածավալ գրոհից առնվազն 145 մարդ զոհվեց, ավելի քան 550-ը վիրավորվեց: Գրոհից հետո Տաջիկստանի մի խումբ քաղաքացիներ ձերբակալվեցին: Գրոհի համար պատասխանատվությունը ստաձնեց «Իսլամական պետություն» կառույցը:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերն ասել է, որ Եվրոպան, մասնավորապես, Գերմանիան, գտնվում է ջիհադիստական կազմակերպությունների, մասնավորապես, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախում։
Ընդգծելով, որ «Իսլամական պետություն»-ն ամենավտանգավոր խմբավորումն է»՝ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգն էլ իր հերթին ասել է, թե «ամենահավանական սցենարը՝ լայնածավալ հարձակումն է, ինչպես վերջերս եղավ Մոսկվայում»։
FT-ն գրում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջերս «խփիր վերջին գոլը» մակագրությամբ լուսանկար էր հրապարակել, որտեղ պատկերված էր զինյալը ֆուտբոլի մարզադաշտում։