Վրաստանի իշխանությունները դաս են քաղել. Գալուզինը՝ Կոբախիձեին
Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան, վրաստանյան interpressnews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Գալուզինն այսպիսով անդրադարձել է Վրաստանի Անկախության օրը Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի վերադարձի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը:
Գալուզինի խոսքով, «Սոխումի-Թբիլիսի-Ցխինվալի «եռանկյունու» նորմալացման նախադրյալները կհայտնվեն այն բանից հետո, երբ Վրաստանը կընդունի առկա իրականությունը և պատրաստ կլինի հարաբերություններ կառուցել հանրապետությունների հետ՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»:
«Աբխազիան և Հարավային Օսիան կատարել են իրենց ինքնիշխան ընտրությունը դեռ 2008 թվականին, այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլիի (Վրաստանի երրորդ նախագահ:- հեղ.) վարչակարգը փորձեց ուժով մի հանրապետությունը վերադարձնել Վրաստանին և մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով։ Որքան հասկանում ենք, Վրաստանի իշխանությունները դասեր են քաղել այս հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան։ Խոսքն առաջին հերթին վրացական «վերաինտեգրման» ծրագրերի ու նախաձեռնությունների մասին է»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Գալուզինը։