Բաժիններ՝

Ամբերդ գյուղի բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության կասկածանքով

«Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հունիսի 12-ի ժամը 18:10-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նշված գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ն, ով, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերոհիշյալ տղամարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 43-ամյա համագյուղացին է:

«Նախնական տվյալներով՝ դեպքից ժամեր առաջ տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի որդիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից վրդովված՝ 43-ամյա տղամարդը, հաշվեհարդար տեսնելու դիտավորությամբ, գնացել է Ամբերդ գյուղի սկզբնամասում գտնվող միջնակարգ դպրոցի հարակից տարածք և, համագյուղացուն սպանելու դիտավորությամբ, դարանակալել և սպասել վերջինիս: Երբ Ա.Բ.-ն մոտեցել է, 43-ամյա համագյուղացին, իջնելով դեռևս չհայտնաբերված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղից, ինքնաձիգով կրակահերթ է արձակել իր դիմացից եկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, և դիմել փախուստի։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է տուժողի կողմից վարվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ առկա են եղել արնանման հետքեր, իսկ մեքենայի մոտ՝ «ԱԿ» ինքնաձիգի 5․45մմ. տրամաչափի 2 պարկուճ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույն օրը հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը, ինչպես նաև՝ հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս