Բաժիններ՝

«Մերգելյան» պուրակում 37-ամյա տղամարդու սպանության վարույթի նախաքննությունը ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Մերգելյան պուրակում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Դ.Գ.-ն դեպքին նախորդող ժամանակահատվածում անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել համաքաղաքացու հետ, որի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, 2023թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի «Մերգելյան» պուրակի հարակից տարածքում հանդիպել է վերջինիս և նրա ընկերներին:

Հանդիպումը վեր է ածվել վիճաբանության, որի ընթացքում Դ.Գ.-ն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է 37-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ծակած-կտրած, թափանցող մարմնական վնասվածք, որի հետևանքով տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ Դ.Գ.-ն նշված միջադեպի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նաև միջադեպին մասնակից ևս մեկ անձի՝ պատճառելով վնասվածք, իսկ վերջինս էլ իր հերթին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Դ.Գ-ին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ սպանության դեպքի առթիվ քննվող վարույթից մեղադրյալ Դ.Գ.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ մասն առանձնացվել է, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս