Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին

Հարգելի՛ պատգամավորներ,

հուսով եմ, ի վերջո, գիտակցում եք ներկա պահի ողջ լրջությունը։ Եթե ոչ բոլորդ, գոնե Ձեր խնբակցության՝ ռացիոնալ մտածողություն ունեցող ու ողջամիտ հատվածը, թերևս հասկանում է, որ Արցախի կորստից հետո մենք կանգնած ենք Հայաստան աշխարհի բռնազավթման-հայաթափման ու Հայոց պետականության կորստի ահագնացող վտանգի առաջ, առաջին հերթին՝ Ձեր կուսակցության ղեկավարի միանձյա, կործանարար քայլերի ու որոշումների հետևանքով։

Քանի որ նա չի ցանկանում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, հիմա Ձե՛ր ժամանակն է՝ պատասխանատու որոշում կայացնելու, քվեարկելու նրա պաշտոնանկության և նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորման օգտին՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։ Այլ տարբերակ չկա։ Դուք լավ գիտեք, որ Փաշինյանի ղեկավարած կառավարությունները տապալել են ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունից սկսած՝ մշակույթով վերջացրած։ Ըստ էության այդ կերպ հնարավորություն տվեք դատարանին որոշելու՝ նա դա արել է միտումնավո՞ր, թե՞, ենթադրենք՝ ․․․ ինքնաբերաբար է այդպես ստացվել։ Մինչդեռ, այդ ծրագրերը Դու՛ ք եք հաստատել, այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը կրում եք Դու՛ ք։

Ամենևին կարիք չկա վերստին ՔՊ ծրագրերը վերլուծել ու ապացուցել, որ դրանցում որպես կանոն մի բան է գրված եղել, իսկ Փաշինյանն ու իր գործադիր թիմը բազմաթիվ կենսական հարցերում ճիշտ հակառակն են արել ու տրամագծորեն հակադիր արդյունքներ գրանցել։ Այդ պատճառով վայրկյան առաջ նա պետք է հեռանա։ Միայն այն փաստը, որ Դուք Արցախի հարցում որդեգրել էիք՝ «Անջատում՝ հանուն փրկության» դրույթը, իսկ իրականության մեջ Ձեր ղեկավարի ինքնագլուխ «Արցախը Ադրբեջան է՝ և վերջ» թեզի ներքո հայոց աշխարհի երեքհազարամյա այդ չքնաղ մասնիկը հայաթափվեց-ցեղասպանվեց ու անցավ թուրքին, բավական է, որպեսզի նա հեռանար։ Ու դրա իրացման ամենից ողջամիտ, անցնցում ձևը այս պահին՝ նրա պաշտոնանկությունն է՝ Ձեր ձեռամբ։

Ասեմ, սա իմ երկրորդ բաց նամակն է Ձեզ։ Հիշեցնեմ, առաջին բաց նամակը /«Եկել է ձեր քայլը անելու ժամանակը», https://www.aravot.am/2021/01/29/1168132// ես Ձեզ հղեցի տակավին 2021թ հունվարի 29-ին։

Վստահ եմ ձեզանից շատերը կարդացել է այն, սակայն, ինչպես ասում են՝ ձայն բարբառոյ հանապատի։ Դա մի շրջան էր, երբ արցախյան 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո անհրաժեշտ էր սթափվել ու պատասխանատու որոշումներ կայացնել՝ պաշտոնազրկել Փաշինյանին, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, կանգնեցնել տարածքային կորուստների ու նվաստացումների դժոխային մեքենան, պաշտպանել ու զորավիգ լինել Արցախ աշխարհի իրավունքներին։ Այն ժամանակ շատերն էին սթափվելու կոչ-առաջարկներ հնչեցնում, նրանց թվում՝ նաև ես։

Սակայն Դուք չանսացիք ոչ մի ողջամիտ հորդորի։

Ընդհակառակը, ԱԺ նոր ընտրություններ կոչված ֆարսը խաղարկելով, երբ ձեր ղեկավարը կարմիր ժապավենով մուրճը ձեռքին՝ լուտանքներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով, «նախկին թալանչիներներ»-«ներկա պուպուշներ» քարոզչակական խրթվիլակը քարշ տալով, վարչական ռեսուրսը չարաշահելով ու մեծամասնություն ստանալով, շարունակեց իր կործանարար գիծը՝ Ձեր անունից։ Արդյունքում՝ տարածքային նոր կորուստներ ու անվտանգային համակարգի նոր փլուզումներ, նոր զոհեր, նոր նվաստացումներ, դիվանագիտական հարաբերությունների խաթարումներ ու բնական դաշնակիցների կորուստներ, ու, ամենաողբերգականը՝ Արցախի հայաթափում ու բռնազավթում ոսոխի կողմից։

Եվ եթե Ձեզ թվում է, թէ ձեր շեֆը Արցախը բարեհաջող հանձնեց-մարսեց, ուրեմն քաղաքական առումով դուք միամիտներ եք։ Եթե Ձեզ թվում է, թե Բաքվի բանտերում հեծող մեր հայրենակիցների տառապանքների ֆոնին ձեր ղեկավարը կարող է ազատ առևտուր անել արդեն Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ուրեմն առավել ևս դուք վերջին միամիտներն եք, պարզ՝ քաղաքական իմպոտենտներ։

Մինչդեռ այն խոստումները, որոնք Դուք երկրորդ անգամ տվեցիք, վերստին կապված էին Հայաստան պետության, Արցախ աշխարհի անվտանգության և ինքնակազմակերպման, բանակի ու պաշտպանական համակարգի հզորացման, արդարադատության, մարդու իրավունքների, միլիարդների թալանը արագ ետ բերելու և էլի շատ ու շատ հարցերում, սկզբունքորեն ոչ մեկը չի իրագործվել։ Դրանցում խոսք անգամ չկա սահմանազատման/սահմանագծման այնօրինակ մոդելի մասին, որն այսօր անց է կացվում՝ ի հեճուկս առողջ տրամաբանության, միջազգային իրավունքի նորմերի և ազգային շահերի։ Արդ, այս ամենի հետևանքով Հայաստանը կանգնած է գոյապահպանական/էքզիստենցիալ լրջագույն սպառնալիքների առաջ՝ առանց դաշնակիցների, առանց հզոր պաշտպանական համակարգի, առանց արտաքին սպառնալիքների դեմ լուրջ հանրային ու մասնավոր ռեսուրսի կոնսոլիդացիայի։

Ձեզ չի՞ մտահոգում այն, որ Փաշինյանը իշխանությունը կորցնելու ու կործանարար որոշումների աղետալի հետևանքների համար պատասխանատվության կանչվելու հեռանկարից սարսափած օր-օրի սեղմում է ռեպրեսիաների օղակը՝ ուժային կառույցների միջոցով փողոցում ձայն բարձրացնող յուրաքանչյուրի նկատմամբ քրեական գործեր կարել տալով, նույնիսկ չի խորշում դա անել պատերազմի ընթացքում որդի կորցրած ու ոչ մի կերպ նրա մասունքները չգտնող ու յուրօրինակ ձևով բողոքող առյուծածին տիկնոջ նկատմամբ։ Օր-օրի բերետավորների վայրագությունները դառնում են ավելի ու ավելի գազանաբարո, էլ ավելի քստմնելի ու անհանդուրժելի։ Մինչև ե՞րբ։

Հիշեքե՛ք, Դու՛ք եք կրում ստեղծված իրավիճակի ու հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը՝ որպես երկրի առաջնային մանդատ ունեցող իշխանության միակ մարմինը։ Փաշինյանն ․․․ընդամենը Ձեր ընտրած մարդն է՝ ինչպես ընտրել եք, այնպես էլ կարող եք պաշտոնանկ անել։ Պատգամավորի մանդատը Ձեզ պարտադրում է քվեարկել Ձեր խղճին ու համոզմունքներին համապատասխան, առանց տեղի տալու որևէ ճնշման՝ առաջին հերթին պահպանել օրինականության, սահմանադրականության ու իրավակարգության նորմերի պահանջները։ Իսկ Փաշինյանի կառավարության վարքագիծն ու գործողությունները ոչ մի կերպ չի տեղավորվում նշված հասկացությունների շրջանակներում։ Օրինակ, 2021թ մայիսի 12-ից ՀՀ տարածքի 230 քառակուսի կիլոմետրը բռնազավթված է ցեղասպան Ալիևի կողմից, ո՞վ պետք է Սահմանադրության համաձայն՝ երկրում ռազմական դրություն հայտարարեր ու ետ բերեր բռնազավթված տարածքները, եթե ոչ՝ Փաշինյանի կաբինետը, Դուք էլ վերջնական որոշումները հաստատեիք։ Ինչու՞ չեք արել։ Ի՞նչն է խանգարել։ Մինչդեռ, դա սահմանադրական կարգի տապալման աղաղակող փաստ է։

Չերկարացնեմ, Ձեզ համար ողջամիտ ելքը միակն է՝ Դուք պետք է արագ նախաձեռնեք ու քվեարկեք գործող վարչապետի պաշտոնանկության օգտին և ընդունեք այն օրակարգը, որը առաջարկում է վարչապետի թեկնածու, Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դուք պետք է հնարավորություն տաք նրան՝ ձևավորելու ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ու հայտարարեք 1 տարվա ընթացքումարտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետ։ Այլ ելք չկա, դա է մեր ժողովրդի, Հանրապետության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց, ըստ էության՝ ժողովրդի մեծամասնության պահանջը։ Համոզված եմ՝ դա նաև Ձե՛ր փրկությունը կլինի։

Վստահ եղեք՝ հանրահավաքների թափը, ուժգնությունը և ծավալները չեն թուլանալու, ավելի են ընդլայնվելու։

Քանզի այլընտրանքը քաղաքացիական պատերազմն ու բախումներն են, քանի որ, ինչպես երևում է, այդ սցենարը ակտիվորեն հրահրվում է թե՛ ներսի ու թե դրսի՛ որոշ շրջանակների կողմից։ Մի՛ թույլ տվեք, որ հերթական անգամ /ինչպես հեռավոր 2008-ի մարտի 1-ին/ Երևանի փողոցները դառնան արյունալի ճակատամարտերի ու բախումների թատերաբեմ, դրանից ոչ ոք չի շահի՝ առաջին հերթին Դու՛ք և Ձեր ընտանիքները։

Արե՛ք Ձեր քայլը հնարավորինս արագ, հենց հիմա, հետո ուշ կլինի։ Մի՛ արեք այնպես, որ, աստված մի արասցե, տեղի ունենա վատթարը՝ վենդետան, երբ պատերազմում իրենց անմեղ զավակներին կորցրած, կամ հաշմված զավակներ ստացած տասնյակ հազարավոր մարդկանց ցասումն ու վրեժը նաև Ձեր ու Ձեր ընտանիքների վրա պարպվի։ Դա նաև կլինի

Հայաստան պետության, հայոց պետականության վերջը։

Վերջում շեշտեմ։ Սա արդեն խնդրանք չէ, այլ պահանջ, որին, կարծում եմ, կմիանա յուրաքանչյուր ողջամիտ հայ։

Ատոմ Մարգարյան

տնտեսագետ

Տեսանյութեր

Լրահոս