Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց
Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք է: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ ԱԺ նախագահն էր սխալվում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հարսը ընդունել է մեղքը եւ իր փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում)։
Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Արդյունքում՝ վարույթի շրջանակում կալանավորվել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։ Նրան ընդամենը 11 օր կալանքի տակ պահելով՝ կայացվեց քաղաքական որոշումը, եւ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխեց քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առեւտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գեւորգյան) եւ Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Դեռ հարսի կալանքի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել լրագողներին՝ հայտնելով, թե սխալմունք է եղել իր հարսի մասով, նա անմեղ է: «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 28-ին դեռ կանխատեսել էր, որ Ալեն Սիմոնյանը քաղաքական հրահանգ տվեց իրավապահներին։
Այսպիսով, քաղաքական հրահանգը կատարված է, սակայն իրավապահներն իրենց դեմքը փրկելու համար գործուն զղջման հիմքն են դրել կարճման որոշման մեջ: Գլխավոր Դատախազությունից այս գործի մասով հայտնել են.
«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Մասնավորապես՝ 2024 թվականի մայիսի 17-ին առևտրային կազմակերպության աշխատակից Լ.Մ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 20-ին առևտրային կազմակերպության աշխատակից Ա.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ի.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 29-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ս.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
Բացի այդ, 2024 թվականի մայիսի 20-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով»:
Այսպիսով, մեծ շոու բեմադրելով, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ցույց տվեցին հանրությանը, թե իրենք արդարադատություն են իրականացնում եւ չկա տարբերություն, թե ով է մեղադրյալի բարեկամը: Սակայն կարճ ժամանակ անց փշրվեց գործը, եւ հերթական անգամ հանրությունը ականատես եղավ, որ մեր երկրում արդարադատությունը իրականացվում է քաղաքական իշխանության ուղիղ հրահանգներով և ճաշակով: Չկա օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն, կա քաղաքական պատվեր, եւ վերջ»: