Հեզիկ-նազիկից մինչև կիսագողական ոստիկան. ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի 2 երեսը 2018 և 2024թթ., Նիկոլ Փաշինյանի աթոռի աննկուն պահապանը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարությամբ ընթացող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ընթացքում շատերն արձանագրեցին ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծն ու կիսագողական խոսույթը, ինչը մեծ հաշվով տհաճ անակնկալ էր: Արամ Հովհաննիսյանին քաղաքացիներն այդպիսին չէին ճանաչել, և նրա կողմից նման վարքագիծն իսկապես տարօրինակ էր, թեպետ, թերևս, բացատրելի:

Արամ Հովհաննիսյանը կադրային ոստիկան է, մինչ 2022թ. հուլիսի 5-ին գեներալ-մայորի կոչում ստանալն իր աշխատանքային կարիերան սկսել է ամենաստորին օղակից. 1990-1991 թվականներին եղել է Արտաշատի ՆԳ բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ։ 2016-2018թթ. զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետը, ապա հավանաբար հեղաշրջման օրերին խիստ հեզ, օրինակելի վարքագծի համար բարձրացել ծառայողական աստիճաններով՝ դառնալով նախ՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի, ապա՝ Արմավիրի մարզային վարչության պետ, ապա՝ 2020-2023թթ., զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը: 2023թ. հունվարի 9-ի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Բայց վերադառնանք 2018թ. ապրիլ:

2018թ. ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ քայլում էր Երևանի կենտրոնական հատվածներով, երբ նրան ընդառաջ եկավ նախ հետագայում Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ապա այդ ժամանակ Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների ցաքուցրիվ շարքերով քայլում էր փողոցի երթևեկելի մասով, ու ոչ ոք նրան 30 վայրկյան «ողջամիտ» ժամանակ չէր տալիս փողոցն ազատելու համար:

«Սերժը մեր ու ձեր հայրենիքը սարքում է Ադրբեջան… Չենք թողնելու, ինչ ուզում եք, արեք, հանեք, խփեք, կրակեք, կտրտեք…»,- իրեն մոտեցած Արամ Հովհաննիսյանին անդադար ասում էր մեր Հայրենիքի մի հատվածը՝ Արցախը, Ադրբեջան դարձրած ու մյուս հատվածներում ադրբեջանցիների ներխուժումը թույլ տված ու առնվազն հանդուրժող Նիկոլ Փաշինյանը, իսկ Արամ Հովհաննիսյանը հանգիստ լսում էր նրան՝ ընդամենը մի անգամ հորդորելով իր կարծիքն իրեն պահել, վստահեցնելով, որ Փաշինյանին վնասելու նպատակ չունեն, ու նրա աջակիցներին խնդրելով, որ չխանգարեն. Մարդը (Փաշինյանը։- Գ.Ս.) խոսում է:

Շատ հանդարտ, կառուցողական իրավիճակում ընթացող զրույցն ավարտվեց նրանով, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ որևէ ոստիկանի մատով չկպնել, բայց զգուշացրեց, որ սա քաղաքացիական խաղաղ անհնազանդության տոտալ գործողություն է:

«Ժողովուրդ, ես կոչ եմ անում տոտալ ամեն ինչը շրջափակեք: Մտե՛ք պետական կառավարման շենքեր, նստացույց արեք: Պետական կառավարման շենքերի՝ նախարարությունների, գերատեսչությունների մուտքերն ու ելքերը փակեք և աշխատողներին թո՛ւյլ մի տվեք, որ մտնեն աշխատանքի… Փակեք մարզպետարանները, քաղաքապետարանները, Կադաստր, Հարկային, դալան, փողոց, մուտք, ինչ հնարավոր է, թույլ չտաք, որ մտնեն աշխատանքի…»,- Արամ Հովհաննիսյանի ներկայությամբ կոչ էր անում այսօր ընդամենը պետական գերատեսչությունների առաջ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին տասնյակներով ձերբակալող, շատերին կալանավորող Նիկոլ Փաշինյանը:

Նույն կոչը, ի դեպ, նա արեց սփյուռքահայերին՝ նրանց հորդորելով շրջափակել իրենց երկրներում ՀՀ դեսպանատները:

2024թ., մայիսի 27…

Արամ Հովհաննիսյանն արդեն ՆԳՆ նախարարի տեղակալ է, ոստիկանության պետ, ու երևի մեկը կա՛մ նրան ասել է, որ իսկական ոստիկանության պետը պետք է գողական գնա, կա՛մ էլ Նիկոլ Փաշինյանի սիրուց դրդված էր ոչ ադեկվատ, իր պաշտոնին ու դիրքին ոչ հարիր պահվածք դրսևորում: Ընդամենը 6 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի դիմաց խոնարհ կանգնած ու նրան լսող Արամ Հովհաննիսյանն այնպես էր գոռում, որ դա կարող էր բացատրվել միայն իրեն գեներալ-մայորի կոչում ու ՆԳ նախարարի տեղակալի ու ոստիկանության պետի պաշտոն ընծայած անձի նկատմամբ ունեցած մեծագույն երախտագիտությամբ:

Հասկանալի է Արամ Հովհաննիսյանի այդ վարքագծի մոտիվը. Փաշինյանի աթոռն իր աթոռի երաշխիքն է:

«Ասեք՝ էն բեմին կանգնող մարդը թող ամբախ-զամբախ չխոսա… Թող էդ փարաջան ու խաչը հանի, նոր խոսա… Հերիք եղավ, չի կարելի միակողմանի նայել: Նորից եմ ասում՝ թող չափի մեջ լինի տեր հայրը, թող չափի մեջ պահի իրան… Էսօր ինքն ամեն մեկ ա դառել իմ համար՝ ամբախ-զամբախ խոսալով… Ինքն էսօր իմ համար հեղինակություն չի, ինքն էսօր փորձում ա էժան հեղինակություն լինել, էժան ա պահում իրան»,- Բագրատ սրբազանի մասին լրագրողների հետ զրույցում այս բառապաշարով գոռացող ոստիկանության պետը պնդում էր՝ սրբազանների, հոգևորականների մեջ շատ ընկերներ ունեն:

Այս ելույթի հաջորդն օրն իսկ հոգևորականների մեջ հարազատ մարդիկ ունեցող Արամ Հովհաննիսյանի կողքին հպարտորեն կանգնած փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը Սարդարապատում խրոխտ կերպով փակում էր Վեհափառ Հայրապետի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր՝ իր ենթակա ստրկամիտ ոստիկաններին հրահանգելով՝ «Դեմը փակեք, դեմը…»:

Այնպես որ, երբ հաջորդ անգամ Արամ Հովհաննիսյանը հանուն Նիկոլ Փաշինյանի հերթական քաջագործության հրահանգը կտա կամ կխոսի համանման բառապաշարով, թող միշտ հիշի՝ իր նախկին կյանքի հրապարակային դրսևորումները բաց աղբյուրներում հասանելի են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930