Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զարգացումներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Կասպից ծովի նավթն ու գազը 29-րդ միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովի» բացման շրջանակներում։ Էրդողանի ուղերձը ընթերցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը հույս է հայտնել, որ այդ կազմակերպությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները.
«Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հիման վրա ձևավորվելիք բարօրության և խաղաղության համար մենք վճռականորեն շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին դրական զարգացումները և ցանկանում ևս մեկ անգամ նշել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք տեսնում ենք որպես պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար»։