Բաժիններ՝

Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը

Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է կասեցնել ԿԺԴՀ-ի հետ ռազմական ոլորտում լարվածության նվազեցմանն ուղղված 2018 թվականի համաձայնագիրը՝ մինչև Փհենյանի հետ փոխադարձ վստահության վերականգնումը։

Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ նշելով, որ այս քայլը ձեռնարկվել է՝ ի պատասխան Փհենյանի կողմից Հարավային Կորեա աղբով փուչիկների ուղարկման։

Ըստ հրապարակման՝ Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդը նիստի ընթացքում գնահատել է Հյուսիսային Կորեայի վերջին գործողությունները և որոշել է միջկորեական համաձայնագիրը կասեցնելու միջնորդություն ներկայացնել հունիսի 4-ին նախատեսված կառավարության նիստին։

Հյուսիսային Կորեան մայիսի 30-ից աղբով բեռնված ավելի քան 1000 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա՝ հայտարարելով, որ դա ձեռնարկվում է՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկներով փուչիկների ուղարկման։

2018 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված միջկորեական համաձայնագիրը նախատեսում է ռազմական ոլորտում լարվածության նվազեցմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում բուֆերային գոտիների ստեղծում, որտեղ արգելված են զորավարժությունները։ 2023 թվականի նոյեմբերին Փհենյանը հայտարարել է համաձայնագրի կատարումից լիովին հրաժարվելու մասին այն բանից հետո, երբ Սեուլը դադարեցրել է դրա որոշ դրույթների կատարումը՝ ի պատասխան հետախուզական արբանյակի արձակման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս